Սա ոչ առաջին դեպքն է, ոչ վերջին, որ ով հաղթում է՝ նրա կողմն են կանգնում. Շարմազանով. panorama.am

ԱԺ հանրապետական խմբակցության մի շարք նախկին և ներկա  պատգամավորներ հանդես են եկել արտահերթ խորհրդարանական ընտրություններն այս տարվա դեկտեմբերին անցկացնելու օգտին։ Նրանց թվում են Արման Սահակյանը, Գևորգ Կոստանյանը, Ալիկ Սարգսյանը։

Տեղեկանալու՝ ինչպես է մեկնաբանում գործընկերների նման դիրքորոշումը, Panorama.am-ի թղթակիցը զրուցեց ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ։

«Ինձ համար զարմանալի է իմ գործընկերների գնահատականը վերջին իրադարձություններին, որոնք որևէ կերպ չեն անդրադառնում կառավարության ղեկավարի կողմից ԱԺ օրենսդրական և սահմանադրական լիազորությունների ուղղակի միջամտության հարցին։ Իրենք կարող են Փաշինյանին գովել, չգովել, դա իրենց անձնական կարծիքն է։ Բայց երբ որ ԱԺ պատգամավորը, որը միգուցե սովոր է իշխանական կյանքի պլյուսներին, վայելքներին, հիմա ընդդիմադիր կարգավիճակում հարմարավետ չի զգում,  դա իր իրավունքն է։ Ես գործընկերների որոշումները չեմ մեկնաբանում, ցանկացած որոշման հարգանքով եմ վերաբերում»,։

«Մի հարց տամ՝ըստ Սահմանադրության՝ մեր խմբակցության անդամների ձեռքն ի՞նչ կա։ Ոչ մուրճն է  իրենց ձեռքը, ոչ մեխը։ Մուրճն էլ, մեխն էլ Նիկոլ Փաշինյանի ձեռքն է։ Նա հրաժարական կտա, եթե թեկնածու չառաջադրեն, կգնան արտահերթին։ Ամեն ինչ պետք է լինի սահմանադրական ճանապարհով։

Հիմա իրենք կողմ են, դեմ են, դրա տարբերությունը ո՞րն է։ Դեկտեմբերի մասով Նիկոլ Փաշինյանի հետ քննարկում եղել է, երբ նա գիշերը «պաշարել» էր ԱԺ-ն։ Մենք նրան ուղիղ ասել ենք, որ ինքնանպատակ դեկտեմբերին ընտրություններ անցկացնելուն դեմ ենք, հրատապ ընտրություններին դեմ ենք։ Խնդիրը ոչ թե ժամկետներն են, այլ այն վերափոխումների գործիքակազմը, որը չի արվում։

Իսկ հիմա Գևորգ Կոստանյանը կամ Ալիկ Սարգսյանն այլ ձև են մտածում, դա իրենց իրավունքն է, ոչնչով չեմ կարող նրանց օգնել»,-ասաց հնարապետական գործիչը։

Հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է, որ տարակարծության պայմաններում ՀՀԿ-ի ներսում խմորումներ են սկսվում, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց՝ ինքը կարող է խոսել միայն իր փոխարեն։ Իսկ ինքն ասում է, որ ԱԺ պատգամավորն առնվազն վերջին իրադարձություններից հետո քաջություն չի ունենում ճշմարտությունն ասելու, որ Փաշինյանի իրականացրած գործուենությունն ուղղակի միջամտություն է օրենսդիր մարմնի աշխատանքներին։

«Եթե այսքանից հետո պատգամավորը կանգնում, ասում է՝ նա ազնիվ է, պետք է նրան աջակցեմ, ես չեմ չափորոշիչ տվողը՝ ով է ազնիվ, ով ոչ։  Ավելի ազնիվ կլիներ, եթե այդ մարդիկ ի սկզբանե երևույթներին գնահատական տան։ Մնացածն իր գործն է, ով ինչ անի, իրեն կանի։ Երբ Գևորգ Կոստանյանը կանգնում և ասում է՝ բոլորս պետք է աջակցենք Նիկոլ Փաշինյանին, իրեն հարց եմ տալիս՝ երբ կառուցողական ընդդիմությունը քննադատում է իշխանության սխալներին, դա աջակցություն է, թե ոչ։ Թե երբ ինքն ասում է՝ աջակցենք, բոլորս պետք ծափահարենք։

Այս երկրին ընդդիմություն պետք չէ՞։ Իսկ ո՞վ է ասել, որ ճիշտ քննադատությունն աջակցություն չէ։ Հիմա իրե՞նք են աջակցում, որ Փաշինյանի սխալների վրա աչք են փակում, թե ես, որ առանց հետին մտքի, առանց անձնական միտումի՝ քննադատում եմ սխալները։ Ո՞ր մեկս է ազնիվ, ո՞ր մեկս է ավելի շատ աջակցում Հայաստանի Հանրապետությանը»,- հարց ուղղեց ԱԺ փոխնախագահը։

Էդուարդ Շարմազանովը շեշտեց՝ ինքը որևէ բանից չի զարմանում։ Նա ստեղծված իրավիճակը համեմատեց պատմական մի դրվագի հետ։

«Երբ Նապոլեոն Բոնապարտը գրավեց Իտալիան և վերադառնում էր Ֆրանսիա, բոլորը նրան ծափահարում էին։ Գեներալ Օժերոնն ասաց՝ «Տեսնո՞ւմ ես, կայսր, բոլորն ինչպես են քեզ ծափ տալիս»։ Բոնապարտն ասաց. «Երբ ես ֆիասկո ապրեմ, բոլորն ինձ կդատափետեն։ Այդպես էլ եղավ։ Երբ Վաթերլոյում Բոնապարտը պարտվեց, մի ֆրասիացի չկար, որ նրան պաշտպաներ։ Նա ստիպված ավստրիացի զինվորի շոր հագավ, որպեսզի փախչի։

Բայց ես մի բան գիտեմ, ինչպես հաղթանակը արժանապատվորեն պետք է տանես, այնպես էլ պարտությունը։ Ես իմ գործընկերների ցանկացած գնահատականի հարգանքով եմ վերաբերում, բայց համամիտ չեմ, որ Փաշինյանի բոլոր գործողություններն ազնիվ են։ Ապրիլի 23-ից հետո սա ոչ առաջին դեպքն է, ոչ վերջին, որ ով հաղթում է՝ նրա կողմն են կանգնում։ Ավելի ազնիվ է, որ կանգնեն, ասեն՝ մեզ ընդդիմադիրի պրոբլեմները պետք չեն, դուրս ենք գալիս քաղաքականությունից»,- ամփոփեց Էդուարդ Շարմազանովը։

Տեսանյութեր

Լրահոս