Բաժիններ՝

Անկրկնելի հեղինակ և կատարող, բազմաշնորհ հայ. մշակույթի գործիչները սգում են Շառլ Ազնավուրի մահը

Լեգենդար Շառլ Ազնավուրի մահը մեծ կորուստ է ամբողջ աշխարհի համար: Ֆրանսահայ նշանավոր երգչի, երգահանի, գրողի, կինոդերասանի և հասարակական գործչի մահը սգում են նաև մշակույթի գործիչները: «Արմենպրես» -ի հետ զրույցում «Երևանյան հեռանկարներ» միջազգային փառատոնի նախագահ, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը վերհիշեց, որ 2015 թվականին փառատոնը Երևանում կազմակերպել էր Ազնավուրի համերգը:

«Դժվար է խոսել այն պահին, երբ ցնցված ես: Նա ամենամեծ հայն էր ինձ համար: Շառլ Ազնավուրի ֆենոմենը անկրկնելի է: Նա հայի կերպարի իսկական մարմնավորումն է՝ անսահման տաղանդավոր և անկոտրում, հայրենասեր և լույսի պես բոլորից առանձնացող: Մի խոսակցության ժամանակ Ազնավուրն ասաց, որ նույնիսկ մեկ քառորդ հայի արյուն ունեցողն իր համար հայ է: Նա մշտապես հետևում էր յուրաքանչյուր հայի հաջողություններին և ուրախանում էր այդ հաջողություններով: Շատ անգամ սատարում էր այդ մարդկանց»,- մեզ հետ զրույցում նշեց Ստեփան Ռոստոմյանը:

Նրա խոսքով՝ մենք՝ հայերս, կորցրինք մի մեծ հսկայի: «2015թ. հոկտեմբերին բոլորս վայելեցինք նրա հետ մտերիմ շփման բերկրանքը: «Երևանյան հեռանկարներ»-ը պատիվ ունեցավ կազմակերպելու Ազնավուրի, չեմ ուզում հավատալ, բայց վերջին մենահամերգը Հայաստանում: Թող Աստված լուսավորի նրա հոգին: Ազնավուրը միշտ կենդանի է և ապրում է յուրաքանչյուր հայի և միլիոնավոր նվիրյալ երկրպագուների սրտում»,- հավելեց Ռոստոմյանը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը կարևորեց Ազնավուրի ներդրումը համաշխարհային երգարվեստում:

«Մեծ կսկիծով իմացա մեծանուն վարպետ, շանսոնի անկրկնելի հեղինակ և կատարող, միևնույն ժամանակ հիանալի բանաստեղծ, դերասան, բազմաշնորհ Շառլ Ազնավուրի մահվան լուրը: Անմոռանալի են նրա հետ ունեցած իմ հանդիպումները, որոնց ընթացքում նա ինձ համար բացահայտվեց նաև իր փիլիսոփայական մտքերով: Մարդ, ով ապրելով երկար տարիներ իր հայրենիքից հեռու, պահեց իր մեջ հայի կերպարն ու ներկայացրեց այն ամբողջ աշխարհին: Կարծում եմ՝ մի ամբողջ կյանք էլ բավարար չէ, որպեսզի հնարավոր լինի ամբողջությամբ ընկալել նրա ամբողջ ժառանգությունը, գնահատել իր արածն ու ներդրումը համաշխարհային երաժշտարվեստի զարգացման գործում: Հոգիդ լուսավորվի, Շա՛ռլ»,- նշեց Արամ Սաթյանը:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը մեզ հետ զրույցում առանձնահատուկ շեշտեց, որ Ազնավուրը ստեղծել է բացառիկ արժեքներ:

«Մահացել է Շառլ Ազնավուրը, մեր ազգի լեգենդը՝ լեգենդ, որին սիրում ենք և միշտ կսիրենք: Ես շատ լավ հիշում եմ իմ առաջին հանդիպումը մաեստրո Ազնավուրի հետ Մոսկվայում: 12 տարեկան էի, հիշում եմ այդ համերգը, որին ներկա էի: Տարիներ անց իմ և մեր նվագախմբի համար ամենամեծ ոգևորությունն այն էր, երբ մենք միասին նույն բեմում ելույթ էինք ունենում»,- նշեց Սերգեյ Սմբատյանը: Նրա խոսքով՝ արտերկրում Հայաստանն ու հայ ազգին ճանաչում են հենց Շառլ Ազնավուրով:

«Մեծ կորուստ է մեր ազգի համար: Վստահ եմ, որ միշտ կհիշենք Ազնավուրին, նրա երաժշտությունը միշտ կուղեկցի մեզ և մենք միշտ վառ կպահենք նրա հիշատակը»,-եզրափակեց Սմբատյանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս