Բաժիններ՝

Բուլղարիայում բացվեց նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը

Սեպտեմբերի 14-ին Բուլղարիայի Սիլիստրա քաղաքում տեղի ունեցան հանդիսություններ, նվիրված քաղաքի տոնին, որի շրջանակներում կայացավ բուլղարահայ հայտնի գեղանկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը:

Բուլղարիայի հայ համայնքային կյանքում այս մեծ իրադարձությանը, որ կազմակերպվել էր Սիլիստրայի քաղաքապետարանի և Բեդիգ Բեդրոսյանի ժառանգների և հարազատների կողմից, մասնակցեցին Սոֆիայի, Պլովդիվի, Վառնայի, հայաշատ այլ քաղաքների հայ համայնքային կառույցների ղեկավարներ և ներկայացուցիչներ, բազմաթիվ քաղաքացիներ և քաղաքի հյուրեր:

Պատվավոր հյուրերի թվում էին քաղաքապետ Յուլիյան Նայդենովը, հայ հայտնի գործարար և հասարակական գործիչ Գևորգ Գրիգորյանը, Բուլղարիայի ԱԺ պատգամավոր, ԲՀ-ՀՀ պատգամավորական բարեկամական խմբի նախագահ Նիկոլայ Թիշևը, ԲՀ կենտրոնական և տեղական իշխանությունների ներկայացուցիչներ: Ներկա էր Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանի հեղինակը՝ ճանաչված բուլղար քանդակագործ Գեորգի Չապկանովը:

Միջոցառումներին մասնակցեց և ողջույնի խոսքով հանդես եկավ Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը: Դեսպան Սարգսյանը, քաղաքապետ Նայդենովը և քանդակագործ Չապկանովը բացեցին հայ անվանի գեղանկարչի արձանը` Սիլիստրայի պետական պատկերասրահի մուտքի դիմաց:

Սիլիստրա այցի շրջանակներում դեսպան Սարգսյանն աշխատանքային հանդիպում ունեցավ քաղաքապետ Նայդենովի հետ, որի ընթացքում քննարկվեցին երկկողմ առևտրատնտեսական համագործակցության խթանման, մշակութային կապերի զարգացման հարցեր: Առանձնահատուկ շեշտվեց երկու բարեկամ քաղաքների՝ Սիլիստրայի և Հրազդանի միջև բարեկամական հարաբերությունների խթանման անհրաժեշտությունը:

Հանդիսությունների շրջանակներում կազմակերպվել էր նաև նկարիչ Բեդրոսյանի ստեղծագործությունների ցուցահանդես, իսկ Սիլիստրայի զբոսայգիներում և պուրակներում՝ քաղաքի տոնին նվիրված համերգներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս