33 մլն 292.1 հազար դրամ` «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի լուծարման գործընթացի կազմակերպման համար
Այսօր կառավարության նիստում «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի լուծարման գործընթացի կազմակերպման համար «լուռ համաձայնությամբ» հատկացվեց 33 մլն 292.1 հազար դրամ: Որոշումը օրակարգի չզեկուցվող հարցերի շարքում էր:
Նշված գումարը ներառում է աշխատավարձ և այլ վճարումներ՝ աշխատակիցների աշխատանքից ազատման վերջնահաշվարկ, արձակման նպաստ և օրենքով սահմանված ծանուցման ժամկետների խախտման հետևանքով վճարվելիք տույժ:
Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը ստեղծվել էր 2017 թ. վերջին՝ վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության կողմից:
Այն հիմնադրի կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված, անդամություն չունեցող և շահույթ չհետապնդող ոչ առևտրային կազմակերպություն էր, որի նպատակն էր ՀՀ տնտեսական զարգացման երկարաժամկետ ռազմավարական ծրագրերի, բարեփոխումների փաթեթների և ներդրումային ծրագրերի հավաքագրումը, մշակումը, վերլուծությունը, վերանայումը, սպասարկումը և վերահսկողությունը:
Դրա ստեղծման ժամանակ Կարեն Կարապետյանը հայտարարել էր, թե դա այն հարթակն է, որտեղ ձևավորվելու է իրենց տեսլականը, հորիզոնները, թե ոնց են պատկերացնում երկրի տնտեսության զարգացումն ըստ ոլորտների, մակրոցուցանիշների, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ներգրավման, ներդրումների և այլն:
Այս ընթացքում, սակայն, կենտրոնը որևէ լուրջ արդյունք չի գրանցել: Ամեն դեպքում այդպիսինի մասին չի հայտարարվել: Անգամ կենտրոնի կայքը խիստ թերի է և շատ սուղ տեղեկություններ է պարունակում, նույնիսկ նշված չէ, թե ովքեր են կենտրոնի ղեկավարները կամ գործընկերները, ինչ է արվել այս ընթացքում:
Կենտրոնի փակման մասին որոշումը հարուցել էր դրա հոգաբարձուների խորհրդի անդամ Ռուբեն Վարդանյանի դժգոհությունը:
Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ռուսաստանցի գործարարների հանդիպման ժամանակ Ռուբեն Վարդանյանը հայտարարել էր, թե ինքն ու իր ընկերները վերջին 18 տարիների ընթացքում ավելի քան 600 միլիոն դոլարի ներդրում են կատարել Հայաստանում։
«Դա քիչ գումար չէ։ Արե՛ք ինչ ուզում եք, պարզապես կարծում եմ, որ պետք է պահպանել երկխոսության ռեժիմն ու միմյանց ականջալուր լինելու փորձերը»,- ասել էր Վարդանյանը։
Նիկոլ Փաշինյանը պարզաբանել էր, որ երկրում տարբեր կենտրոնների լուծարման գործընթաց է սկսվել, ու դա անխուսափելի է։ Նա հռետորական հարց էր ուղղել Վարդանյանին՝ ի՞նչ էր անում կենտրոնը, եթե այս 2 տարվա ընթացքում չկատարեց իր առջև դրված խնդիրը։