«Մոսկվային անհանգստություն պատճառող հարցերը վերացած չեն». Մոդեստ Կոլերով

«Ես չնկատեցի, որ այն խնդիրները, որոնք հնչել էին ռուսական կողմից, դուրս եկան օրակարգից, որովհետև Լավրովի դժգոհությունները, ՀԱՊԿ-ի դժգոհությունները չեզոքացած չեն: Ղեկավարները, կարծում եմ, հարցերի բավականին լայն սպեկտր են քննարկել, բայց չտեսա, որ Մոսկվային անհանգստություն պատճառող հարցերը վերացած են: Ուստի խոսքերն այն մասին, որ հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են՝ Փաշինյանինն են»,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին ասել է ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական Մոդեստ Կոլերովը՝ անդրադառնալով սեպտեմբերի 8-ի Մոսվայում կայացած Փաշինյան-Պուտին հանդիպման արդյունքներին:

Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինին տեղեկացրել է, որ Ռուսաստանի գազն էժան սակագնով ստանում է «Գազպրոմ» ընկերությունը, ոչ թե Հայաստանի քաղաքացին, այսինքն` սահմանին գազը թանկանում է: Հարցին, թե իսկապե՞ս ՌԴ նախագահը տեղյակ չի եղել, թե ինչ փոփոխություններ է կրել գազի գինը սահմանին, Կոլերովը պատասխանել է.

«Չեմ կարծում, որ Պուտինը չի քնում և օրուգիշեր Հայաստանում գազի գնի մասին է մտածում: Նրան այդ դետալները, բնականաբար, չեն հետաքրքրում: Այս հարցը գտնվում է ՀՀ իշխանությունների տիրույթում:

Ներկայումս գլխավոր հարցը ՀՀ-ի համար գազի գների հարցում հետևյալն է` ո՞վ է ստանում օգուտ գազի գնի սահմանին բարձրացված արժեքից, ովքե՞ր են այդ գնի շահառուները: Բնականաբար, ես կարծում եմ, որ սահմանի գինը պետք է կենցաղային գնից տարբերվի, բայց տարբերությունը մեծ չպետք է լինի: Պետք է հասկանալ` ինչպե՞ս է օգուտը բաշխվում, ինչպե՞ս է գնագոյացումը տեղի ունենում: Աբսուրդ է այդ մասին Պուտինի հետ զրուցելը, երբ դա քո իրավասության ներքո գտնվող հարց է: «Գազպրոմ Արմենիային» պետք է ուղղել այդ հարցերը»:

Դիտարկմանը, թե երևի այդ հարցը քննարկվել է նման մակարդակով, քանի որ «Գազպրոմ Արմենիան» ռուսական ընկերություն է, «Գազպրոմի» 100 տոկոսանոց դուստր ընկերությունը, և հարցն անուղղակիորեն առնչվում է նաև Ռուսաստանին և նման առանցքային ընկերության, ինչպիսին «Գազպրոմն» է, նա այսպես է արձագանքել.

«Բայց այդ ընկերությունը Հայաստանի ռեժիմով է, չէ՞, աշխատում, ՀՀ իշխանությունների ներքո: ՀՀ իշխանությունը կարող է «բացել», ուսումնասիրել այս հարցը, բացահայտել նման գնագոյացման հետևանքով մեծ շահույթներ ստացողներին: Այս տրամաբանությամբ կարելի է հարցը քննարկել Թրամփի հետ»:

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս