«Պետք է հասկանանք՝ ինչպիսի՞ մոտեցում ցուցաբերենք, որ Արցախի էջը փակված չհամարենք»․ Տիգրան Լալայան

168.amի զրուցակիցն «Արցախ» ջազ նվագախմբի հիմնադիր ղեկավար, Ջազի հայկական ասոցացիայի անդամ Տիգրան Լալայանն է։

Այս տարի լրանում է նվագախմբի 20-ամյակը։ Ինչպե՞ս առաջացավ այն հիմնելու գաղափարը։

– Երբ 10 տարեկան էի, Կոնստանտին Օրբելյանն իր խմբով այցելել էր Արցախ, ու համերգից հետո հասկացա, որ այդ հզոր հնչողությունն ինձ հոգեհարազատ է։ Կապ ուներ նաև այն, որ իմ գերդաստանում մեծ մասը երաժիշտներ էին։ Եվ այդպես, 20 տարեկանից հետո սկսեցի մտածել այդ ուղղությամբ ու զինվորական ծառայությունից հետո այն կյանքի կոչեցի։ Ստեփանակերտում ջազային դպրոց չկար, բայց ես երաժիշտ տղաներին առաջարկեցի, որ փորձենք հասկանալ, լսել։ Մի բարդություն էլ նոտաներ փնտրելն էր, քանի որ այն ժամանակ ինտերնետ չկար, որ գտնեիր, տպեիր։ Եկա Երևան, հանդիպեցի ջազային երաժիշտ Արմեն Հյուսնունցին, կոմպոզիտոր, դիրիժոր Երվանդ Երզնկյանին, ովքեր ինձ տրամադրեցին բենդի պարտիտուրները։ Սկսեցի ուսումնասիրել, հետո առանձին սաքսոֆոնահարների, հարվածային գործիքներ նվագողների հետ էի պարապում, և այլն։ Օր առ օր փազըլը հավաքվեց ու արդեն բիգ բենդը նշմարվում էր։ Արդեն հնչողություն կար, մեկը մյուսին լսում էր, զգում էր։

Բախտ վիճակվեց լսել պարտիտուրների աուդիո ձայնագրությունները, այդ «լեզուն հասկանալ» ու փորձել այդպես «խոսել»։ 2004թ․ հոբելյանական համերգ էր, մենք ևս հանդես եկանք, ու դրանից հետո պետությունը մեզ տվեց պետական կարգավիճակ։ Հասկացա, որ ճիշտ ճանապարհին եմ, չնայած բարդ ճանապարհ էր՝ 20-ից ավելի երաժիշտ, մենակատարներ․․․ Դժվար էր, քանի որ ջազային դպրոց չկար, բաց ես անընդհատ Հայաստանի տարբեր մասնագետների հետ կապ էի պահում։ Այդպես տարեցտարի կատարելագործվեցինք, և 2006թ․ խմբին հրավիրեցին մասնակցելու «Երևան Ջազ ֆեստ»-ին։ Առաջին անգամ էինք մեծ բեմում և սպասում էինք, որ ասելու են՝ այս ի՜նչ լավ եք նվագում կամ՝ այս ի՞նչ եք նվագում։ Բայց ոչ մեկն ասացին, ոչ մյուսը։ Մեզ մոտեցան հայտնի ջազմեններ, ու շատերը զարմացել էին, որ Արցախում ջազ բենդ կա։ Դրանից հետո ես հասկացա, որ պետք է շարունակել ճանապարհը, ավելի զարգացել։

Կարդացեք նաև

Նվագախմբում ընդգրկված երաժիշտները կիսո՞ւմ էին Ձեր գաղափարները, թե՞ ասում էին՝ այ մարդ, այս ի՞նչ բարդ ճանապարհ ենք ընտրել։ Եղա՞ն կեսից հետ գնացողներ։

– 20 տարվա ընթացքում բավականին փոփոխություններ են եղել, բայց պատճառը ոչ թե այն էր, որ գաղափարը չէին կիսում, այլ եղան դեպքեր, որ քաղաքից դուրս գնացին, կամ այլ աշխատանքն էր խանգարում։ Դժվար էր, երբ մեկը 5 տարի աշխատում էր, ինչ-ինչ պատճառներով գնում, ու նոր մարդուն պետք է կրկին զրոյից սովորեցնեի։ Բայց ես այդ ամենին պատրաստ էի, որովհետև շատ եմ սիրում այս երաժշտությունը։

– Նվագախումբը հիմնելիս ի՞նչ վախեր ունեիք։ Սովորաբար նոր գործ սկսելիս բոլորս տարբեր մտավախություններ ենք ունենում։

– Չէի պատկերացնում, որ շատ բարդություններ են սպասվում, ուղղակի չէի սկսի։ Բայց հակասեմ խոսքիս՝ պատրաստ էի ամեն դժվարության, միայն թե նպատակս իրականացնեի։ Շատերն ասում էին՝ էներգիադ քո վրա կարող էիր ծախսել, տրիո կազմեիր, կամ մենակատար լինեիր, պատասխանում էի՝ 10 մատով որ ակորդ եմ խփում, ուզում եմ, որ այդ 10 մատի նոտաները հնչեցնեն մարդիկ։ Մեկ ակորդը հնչեցնի 15-20 հոգի։

– Իսկ կարողանո՞ւմ էիք միայն նվագախմբի գործունեության շնորհիվ գոյատևել, թե՞ կողքից, ինչպես միշտ՝ բոլորն այլ գործեր էին անում։

– Իհարկե, կողքից բոլորն էլ տարբեր գործեր էին անում։ Մշակույթի գործիչների աշխատավարձը թույլ չի տալիս, որ մեկ տեղ աշխատեն, դե պարզ է՝ 120․000-130․000 դրամով չես կարող ընտանիք պահել, բայց ես փորձում էի հարմար ժամանակահատված ընտրել, որպեսզի բոլորին հարմար լիներ։

Արցախում հիմնականում համերգներո՞վ էիք հանդես գալիս, թե՞ ակումբ կար, որտեղ պարբերաբար ելույթ էիք ունենում։ Եվ հիմա նույն կազմո՞վ եք։

Բեմերում էինք հանդես գալիս, քանի որ չկար այնպիսի ակումբ, որ բենդը կարողանար ելույթ ունենալ։ Մտածում էինք տարբերակ՝ ստեղծել ակումբ, որը մեծ բեմ կունենար։ Մարդիկ կգային՝ դասական ոճի հագուստով, կնստեին ու այդ մի քանի ժամը կհանգստանային։

Այս ծանր դեպքերից հետո մի քանի ամիս ուշքի չէինք գալիս, սակայն որոշեցինք շարունակել մեր ճանապարհը։ Հիմա մեզ միացել են նաև Հայաստանի տարբեր շրջանների երաժիշտներ։ Ապրիլի 30-ին Ջազի միջազգային օրվա համերգի բացումը մենք արեցինք, իսկ դրանից առաջ հասցրել էինք հանդես գալ մենահամերգով։ Հավատացեք, Արցախից մեծ էներգետիկա ենք հավաքել։ Ամբողջ կյանքս այնտեղ եմ ապրել ու հիմա այդ էներգետիկան սպառում եմ՝ ի շահ գաղափարի։ Հոյակապ երգիչ-երգչուհիներ կան, որ մեզ են միացել, և մեծ սպասումով առաջ ենք գնում՝ հաշվի առնելով, որ հիմա ոչ մի տեղից օգնություն չունենք։ Խնդիրներ շատ ունենք այս պահին, փորձում ենք լուծումներ գտնել։ ԿԳՄՍ նախարարությունը, Քաղաքապետարանը պատրաստ են մեզ օգնել, բայց՝ ոչ մշտապես։ Առաջին մեր մենահամերգը սպասարկեց Քաղաքապետարանը, ինչի համար շնորհակալ ենք, քանի որ առանց դրա չէինք կարող հայտնել, որ մենք կանք, շարունակում ենք մեր գաղափարը։ Հիմա հովանավորներ, տարբեր միջոցներ եմ փնտրում, որպեսզի հաստատենք մեր գործելաոճը, կարողանանք ավելի շատ աշխատել։ Շատ կարևոր է մեր մշակույթն արտերկրում ցույց տալը։ Այդ ուղղությամբ աշխատանքներ ևս տարվում են։

– Արցախից բռնի տեղահանության ժամանակ, երբ շատերն անգամ անձնական իրերը, կարևոր փաստաթղթեր չեն կարողացել բերել՝ երաժիշտները երաժշտական գործիքները մեծ մասամբ բերել են։ Ինչպե՞ս էիք դա կազմակերպում։

– Ամեն մեկն իր գործիքի հոգսը հոգաց։ Բոլորը խառն էին։ Մեկը զբաղված էր իր ընտանիքով, մյուսը հույս ուներ, որ Արցախից դուրս գալը կարող է չլինի, հետաձգվի։ Գործիքների մեծ մասը երաժիշտների մոտ էին, ու այստեղ արդեն պարզեցի, որ մեծ մասն իրենց հետ բերել են։

Դժվար է հիշել այդ օրերը, հատկապես շրջափակման ժամանակ ոչ հաց կար, ոչ ջուր։ Ինչպե՞ս էիք առօրյան կազմակերպում։

– Շատ անսպասելի իրավիճակ էր։ Սկսվեց 2022 թվականից, ու ամիս առ ամիս բարդություններ էին առաջանում։ Հասանք մի իրավիճակի, երբ անգամ աղ չկար։ Ոչ թե կշռում էին, այլ բռով էին տալիս, ու բավականին թանկ էր։ Մի բուռը 20․000 դրամ էլ լիներ՝ պետք է առնեիր, որովհետև ելք չկար, քանի որ ամբողջ ազգն էր դժվարության մեջ, ոչ թե մի թաղամասը։ Հիշում եմ՝ առավոտից երեկո վառարանները բակերում դրած՝ մեկը լապշա էր սարքում, մյուսը՝ հաց։ Մեկը չուներ հաց՝ կիսում-տալիս էին։ Մեկը մյուսին օգնելով՝ պահում էր այդ ոգին։ 1980-ական թվականների նման էր, բայց այն ժամանակ գիտեինք, որ այստեղ սով է, իսկ դաշտերում մեր մեծերը կռվում են, պաշտպանում Հայրենիքը, իսկ այս դեպքում բոլորս շրջափակված էինք։

Գիշերը թշնամին կրակ էր վառում շուրջբոլորը, վախի մթնոլորտ ստեղծում։ Քաոս էր առաջանում։ Երբ տղամարդիկ առանձնանում էին, խոսում էինք, մտածում, որ ծնողներին ուղարկելու ենք, բոլորս մնանք ու չգիտենք՝ ինչ է լինելու։ Չենք սպասել, որ բոլորս դուրս կգանք։ Արդեն ջուր էլ չկար, ֆիլտրներն էլ չէին աշխատում, կեղտոտ էր։ Այն աստիճանի հասավ, որ ստիպված պետք է դուրս գանք, ու ամեն ընտանիքի տերը պետք է հոգսը հոգա։ Պայքարելու իմաստ չկար․ մեկն ասում էր՝ ժամանակավոր ենք դուրս գալիս, մյուսն այլ բան էր ասում։ Իրերը կիսատ հավաքելով՝ դուրս եկանք, հետո այստեղ հասկացանք… Հույս ունեմ, որ առաջիկայում հարցը լուծվելու է։

– Հոգեբանական ծանր վիճակի շարունակությունը Հակարիի կամրջի մոտ է եղել, չէ՞։

– Միանշանակ։ Ամեն տղամարդ, որ դուրս էր գալիս մեքենայից, բեռնախցիկը բացում, դե, բոլորն ադրբեջանցի էին, մտածում ես՝ կարող է քեզ բռնեն-տանեն…

Որպես արցախցի, որպես հայ՝ Արցախի էջը փակված համարո՞ւմ եք։

– Չէ։ Մեր ուժը, էներգետիկան Աստծուց տված է։ Սա ժամանակավոր է։

Խաղաղության օրակարգ ասվածը հավատ ներշնչո՞ւմ է։

– Ես դեռ չեմ տեսնում շատ լուրջ մոտեցում։

– Արցախցին ե՞րբ կվերադառնա Արցախ։

– Աստծո կամքով՝ ինչքան շուտ, այնքան լավ։ Ինչպես հասկացանք՝ Արցախը մեծ նշանակություն և դեր էր խաղում Հայաստանի և տարածաշրջանի համար։ Հիմա բոլորս պետք է հասկանանք՝ ինչպիսի՞ մոտեցում ցուցաբերենք, որ այդ էջը փակված չհամարենք։

Վերադառնանք դեպի ջազը։ Շատ երաժիշտներ ջազը համեմատում են անձրևանոցի հետ, որի ներքո գտնվում են տարբեր ժանրեր, ոմանք էլ նշում են, որ ջազը երաժշտին մղում է որևէ գործողություն կատարել։ Ձեզ համար ի՞նչ է ջազը։

– Թռիչք, ազատություն, տարածություն, որը չունի սահմաններ։

Տեսանյութեր

Լրահոս