Կթանկանան ծխախոտը, ալկոհոլը, դիզվառելիքը, բենզինը. ԱԺ–ն բարձրացրեց ակցիզային հարկը
Ակցիզային հարկը կբարձրացվի։ Ազգային ժողովում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագիծը 63 կողմ ձայնով հաստատվեց 2–րդ ընթերցմամբ։
Նշենք, որ փոփոխությունների արդյունքում կթանկանան ծխախոտը, ալկոհոլը, դիզվառելիքը, բենզինը:
Հիշեցնենք, որ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին։ Նախատեսվում է ծխախոտային արտադրանքի ակցիզային հարկի դրույքաչափերը բարձրացնել յուրաքանչյուր տարի 7 տոկոսով, տաքացվող ծխախոտինը՝ յուրաքանչյուր տարի 30 տոկոսով, էլեկտրոնային ծխախոտինը՝ առաջին տարում 100 տոկոսով, այնուհետև հաջորդող երկու տարիներին` 25 և 20 տոկոսով, նարգիլեինը՝ առաջին տարում 40 տոկոսով, այնուհետև հաջորդող երկու տարիներին` 30–ական տոկոսով։
Մրգային օղիների արտադրությունը խթանելու, հումքի արժեքով պայմանավորված՝ մրգային օղիների ինքնարժեքի բարձր լինելու հանգամանքը մեղմելու և ոլորտը զարգացնելու նպատակով մրգային օղիների ակցիզային հարկի գործող դրույքաչափը նախատեսվում է նվազեցնել 33 տոկոսով։

