Ոչ մի պաշտոն հավերժ չի և փառք Աստծո. Ալեն Սիմոնյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից
Ալեն Սիմոնյանը պատգամավորական մանդատ չի վերցնելու։ Այս մասին նահայտարարեց այսօր ճեպազրույցի ժամանակ՝ նշելով, որ այդ հարցը քննարկել է Նիկոլ Փաշինյանի և վարչության հետ։
Նա նշեց, որ նախևառաջ ուզում է մի փոքր հանգստանալ, անձնական կյանքի վրա կենտրոնանալ։
Նա նաև նշեց, թե ամենաերկար պաշտոնավարած ԱԺ նախագահն է, և իրականում կարծում էր, թե շարունակելու է պաշտոնավարել որպես ԱԺ նախագահ, միաժամանակ, նեղսրտած չէ վարչության և կուսակցության որոշումից։ Սիմոնյանի խոսքով՝ Ռուբեն Ռուբինյանն ամենալավ թեկնածուն է, որը կարող է իրեն փոխարինել։
Նահայտնեց, որ իր ապագայի հետ կապված քննարկումներ դեռ չի ունեցել Փաշինյանի հետ, բայց վստահեցնում է, որ քաղաքականության մեջ իրեն պատկերացնում է միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և Նիկոլ Փաշինյանի հետ աշխատելու համատեքստում։
«Չեմ տեսնում ինձ առանց Նիկոլ Փաշինյանի որևիցե քաղաքական պրոցեսում»,- ասաց Սիմոնյանը՝ ավելացնելով, որ ինքը կուսակցության ստեղծողներից է, քաղաքական թիմի մաս է, եթե նոր առաջարկ լինի, կքննարկի։
«Եթե, պայմանականորեն, վարչապետն ասի՝ «խնդրում եմ՝ մոտակա մի տարին ոչ մի բանով զբաղվի», ես դա կընդունեմ ի գիտություն, կքննարկեմ և, ամենայն հավանականությամբ, այդպես էլ կանեմ, որովհետև ես չեմ տարանջատվում ո՛չ իրենից, ո՛չ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, ո՛չ վարչությունից․․․ Ես կայացած քաղաքական գործիչ եմ, բայց ես քաղաքական գործիչ եմ իմ թիմի հետ միասին»,- ասաց նա։
Հարցին՝ արդյոք իրեն առաջարկվե՞լ է ՀՀ նախագահի պաշտոնը, Սիմոնյանը «ոչ կոռեկտ» անվանեց և խնդրեց դադարեցնել նման խոսակցությունները։

