Ինչո՞ւ եք մեզ դանդաղ սպանում, էս կյանքն ինչո՞ւ եք գժանոց սարքում. Նարինե Կիրակոսյան
Լրագրող Նարինե Կիրկոսյանը գրում է. «Պարզապես արձանագրում եմ։ Գիտեմ, որ ոչ մի օգուտ չի տալիս որևիցե բան, թեկուզ, որպես լրագրող, խնդիրներ վերհանելն ու դրանք լուսաբանելը։
Կներեք, որ թոշակառու չեմ դեռ ու Եվրոպայի ուղեգիր, այդ թվում լոկոստերի ավիատոմս, չեմ կարողանում գնել, որ Լազուրյան ծովափին քամակս թրջեմ, մեջքս էլ արևայրուք ընդունի, ներվերս էլ թուլացնեմ ու միայն իմ ուտելու, խմելու, քեֆ անելու մասին մտածեմ։ Թող աշխարհն էլ շուռ գա, հոգս չի։
Եվ չասեք, թե Երևանի քաղաքապետարանը տեղեկացրել էր, որ Կիևյան կամուրջը մի քանի ամսով վերանորոգման է կանգնած, իսկ երևանցիներն ու Երևանի հյուրերը պետք է չտրտնջան՝ մտնելով քաղաքի քանդել-վերանորոգելու թեմաների մեջ, ու ժամերով A կետից B կետ երթևեկեն՝ կիլոմետրը մեկ ժամում անցնելով քաղաքային հասարակական տրանսպորտով, կա՛մ տաքսիներով, կա՛մ սեփական մեքենաներով։
Չտրտնջացինք․ շտապ բժշկական ծառայության կարիք ունենալու դեպքում փորձեցինք հիվանդին սեփական մեքենայով տեղափոխել կլինիկա։ Դա տևեց 2-3 կմ-ի համար նույնքան ժամ, այսինքն մոտ 2 ժամ։ Հիվանդը դիմացավ, հիվանդի տերերի նյարդերը ջղաձգվեցին։
Բժշկական մանրամասնությունները չներկայացնեմ։ Վառ օրինակ է, թե ինչ վիճակ է Երևանում։
Եվ քանդված է ոչ միայն Կիևյան կամուրջը, այլև շատ փողոցներ։
Օրինակ՝ Դավթաշենում Եղվարդի խճուղին, որը քաղաքի գեղեցիկ, կանաչ վայրերից է, վերից վար քանդված է։ Ասֆալտն էլ հետ դնելիս վատ կարկատան են արել։ Սա դեռ ոչինչ, մի կերպ օգտագործելի է, բայց կան էլի քանդած տեղեր։ Մեկը ջրի, մեկը կոյուղու, կամ էլ ինչ-որ մալուխի խողովակաշար է փոխում։ Նոր ասֆալտածը նորից քանդում են։ Էդպես քանդած մնում է, մինչև ավտոմոբիլիստները, իրենց անիվներն ու ինչ ասես ծակելով, կոտրելով, հետն էլ 7 հարկանի հայհոյանքներով, քաղաքով տեղաշարժվում են։ Ամեն բան ակնհայտ անկազմակերպ է և բնապահպանական նորմերի խախտումով է արևվում։ Սա առաջնային հարց է, քանի որ Երևանը հենց էկոլոգիական մեծ խնդրի մեջ է։ Մարդկանց մի մասն արդեն Գուրգեն Խանջյանի «Հիվանդանոցը» վեպի “հերոսներն” են դառնում։ Ենթադրում եմ․․
Հիմա ի՞նչ է ասածս և իշխանություններին հարցերս․ Երևանը գերկառուցապատել եք՝ օր օրի Վարդագույն քաղաքից դարձնելով Խորհրդային Միության և 90-ականների Հայաստանի մետաֆորը։
Ինչո՞ւ եք դա արել։
Ինչո՞ւ կանգ չեք առնում։
Ինչո՞ւ մեզ օդ ու շարժվելու ազատություն չեք թողնում։
Ինչո՞ւ եք բոլորին Երևանում հավաքում, մարզերը, հատկապես սահմանամերձ գյուղերը, դատարկում։
Ինչո՞ւ եք մեզ դանդաղ սպանում։
Էս կյանքն ինչո՞ւ եք գժանոց սարքում՝ մարդկանց նյարդային լարերը ձգելով, կյանքերիս հետ խաղալով։
Ե՞րբ եք կանգնելու։
Ե՞րբ եք ստելուց, փող լվանալուց ու պետական բյուջեն մսխելուց հոգնելու։
Ե՞րբ է ձեր Մարդ տեսակը արթնանալու։ Կամ կլինի՞ դա։ Մարդը կա՞։
Ունա՞կ եք գիտակցելու, թե ինչ դժոխքի եք մեր երկիրը վերածել։ Միայն դուք՝ ձեր իշխանությունով։
Ոչ Ալիևի վրա շառ գցեք, ոչ էլ խաբեք, թե երկիր, պետություն եք սարքում։
Ինքներդ ձեզ մի՛ ստեք։ Մեղք ենք բոլորս։ Բոլորս ենք մեղք»:

