«Փողոցը Փաշինյանը չի թելադրելու, այն կլինի այն ժամանակ, երբ այնտեղ դուրս գալու պլան, կամք ու ենթակառուցվածք ունեցող ուժ լինի». Միքայել Նահապետյան

«Պետք է ֆիքսենք, որ ընտրությունների արդյունքները հետընտրական փուլում կեղծվեցին։ Անցողիկ շեմը հաղթահարած ու բավարար ձայներ ստացած քաղաքական ուժին խորհրդարան չթողնելու համար կատարվեց ընտրատեղամասերի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պրոցես, որի հետևանքով հիմա ՔՊ-ն յուրացնում է 3/5-ին վերապահված իշխանություն»,- 168.am հետ զրույցում ասաց «Բոլորին դեմ եմ» կուսակցության անդամ, հասարակական գործիչ Միքայել Նահապետյանը՝ խոսելով հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների արդյունքների և հետագա անելիքների մասին։

Նա նշեց, որ այս համատեքստում էլ չի խոսում այն մասին, թե ինչպես է ՔՊ-ն հաջողացրել ստանալ գործադիր իշխանություն ձևավորելու իրավունքը, որովհետև նախընտրական փուլը ևս անցկացվել է ընտրական, քրեական ու վարչական օրենքների կոպիտ խախտումներով։

Ինչ վերաբերում է խոսակցություններին, որ ԱԺ անցած ընդդիմադիր ուժերը պետք է հրաժարվեն մանդատներից, Միքայել Նահապետյանն ասաց, որ այստեղ կա իրավական անորոշություն, այսինքն՝ հստակ չէ, թե ինչ է տեղի ունենալու, երբ մանդատները վայր դնեն։ Կա հիմնավոր կանխավարկած, որ իշխանությունը Սահմանադրական դատարանի միջոցով այնպիսի մեկնաբանություն կստանա, որն իրեն քաղաքականապես ամենահարմարն է։

«Բայց ես չեմ ուզում առաջնորդվենք «ՔՊ-ի ինադու» մոդելով, որ՝ այ, եթե մենք այսպես անենք, ապա ՔՊ-ն կգնա որոշ լուծումների հետևից, որն իրեն ձեռնտու է։ Պետք է ելնել հարցի էությունից, թե ինչ են անելու ԱԺ-ում ընդդիմադիրները 5 տարիների ընթացքում ու ըստ այդմ էլ որոշում կայացնեն։ Ես ընդդիմությանը մանդատները վերցնելու կամ չվերցնելու կոչ չեմ անում։ Երբ ես մասնակցում էի ընտրություններին, թե ես, թե իմ քաղաքական ուժը հստակ ֆիքսել ենք, որ անցողիկ շեմը հաղթահարելուց հետո, եթե մեր օրակարգերը չենք կարողանալու իրականացնել, ապա մենք չենք մնալու որպես պատգամավորներ։

Կարդացեք նաև

Կարծում եմ՝ լավ կլինի, եթե մյուսներն էլ այդ տրամաբանությամբ առաջնորդվեն, իրենք իրենց սեփական քաղաքական որոշումները կարող են կայացնել և ստանձնեն դրա պատասխանատվությունը»,- հավելեց Միքայել Նահապետյանը։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ, «եթե համաձայն չեն ընտրությունների արդյունքների հետ, ապա կարող են դուրս գալ փողոց», մեր զրուցակիցն ասաց՝ այս պահին փողոցի պոտենցիալ չի տեսնում, այդ պոտենցիալը պետք է ձևավորել ընդդիմադիր աշխատանքով։

«Իմ այն ընկերները, ովքեր ինձ հետ համաձայն կլինեն, մենք հենց նման աշխատանքի ենք պատրաստվում լծվել, հենց այս կոնտեքստում է, որ ասում եմ՝ թող մարդիկ որոշում կայացնեն և դրա համար պատասխանատվություն կրեն։

Ես թերահավատ եմ, որ խորհրդարանում նստած տարբերակով հնարավոր է առաջնորդել փոփոխություններ։ Նիկոլ Փաշինյանի նպատակն իշխանությունն է և միայն իշխանությունը, մնացածը՝ դրանից ածանցյալը։ Իսկ փողոցը նա չի թելադրելու, փողոցը կլինի այն ժամանակ, երբ փողոց դուրս գալու պլան, կամք ու ենթակառուցվածք ունեցող ուժ լինի»,- ընդգծեց Միքայել Նահապետյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930