«Հայաստան՝ դարերի և աշխարհների խաչմերուկ» խորագրով միջազգային գիտաժողով Սոֆիայում
Սոֆիայի (Բուլղարիա) Սբ․ Կլիմենտ Օխրիդսկու անվան համալսարանում ս․թ․ հունիսի 18-19-ին տեղի ունեցավ «Հայաստան՝ դարերի և աշխարհների խաչմերուկ» խորագրով միջազգային գիտաժողովը, որը նվիրված էր Դասական և նոր բանասիրության ֆակուլտետի կազմում գործող «Հայագիտություն և կովկասագիտություն» մասնագիտության հիմնադրման 30-ամյակին։ Երկօրյա գիտաժողովին մասնակցում էին ավելի քան 100 գիտնականներ, հետազոտողներ, ասպիրանտներ, ուսանողներ Բուլղարիայից, Հայաստանից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իտալիայից, Ավստրիայից, Հունգարիայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, որոնք ներկայացրին ավելի քան 90 զեկուցում։

Բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան Սոֆիայի համալսարանի ռեկտորի տեղակալ պրոֆ․ Ռենետա Բոժանկովան, Դասական և նոր բանասիրության ֆակուլտետի դեկան պրոֆ․ Գերգանա Պետկովան, Բուլղարիայում Հայաստանի դեսպան Ծովինար Համբարձումյանը, տեղի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչները։
«Հայագիտություն և կովկասագիտություն» մասնագիտության ղեկավար դոկտոր Պետր Գոլիյսկին (Петър Голийски), որը հենց այս բաժնի 1-ին շրջանավարտներից է եղել, ներկայացրեց իրենց անցած ուղին, նախկին և ներկա դասախոսներին՝ ընդգծելով յուրաքանչյուրի դերը Բուլղարիայում հայագիտության զարգացման գործում։ Հիմնադիրներներից և առաջին դասախոսներից են եղել դոց․ Էդուարդ Սելյան, փ․գ․դ․, պրոֆ․ Սարգիս Սարգսյան, թարգմանիչ, լրագրող Հակոբ Օրմանջյան, թարգմանիչ, հրատարակիչ Հակոբ Մելքոնյան, ներկայումս դասավանդում են բ․գ․թ․ Անտոանետա Անգելովան (Антоанета Ангелова), բ․գ․թ․ Էոժենի Սակըզը (Еожени Сакъз), հրավիրյալ դասախոսներ Արամ Նաջարյանը և Զարի Թանկարանյանը։ Դասավանդվող առարկաների ցանկը բավականին ընդգրկուն է՝ լեզու, գրականություն, երկրագիտություն, պատմություն, մշակույթ, բանահյուսություն և այլն։ Ուսանողները ստանում են բակալավրի աստիճան։
«Հայագիտություն և կովկասագիտություն» մասնագիտության դասախոսների և բուլղար ուսանողների ջանքերով գիտաժողովի շրջանակներում համալսարանի կենտրոնական մասնաշենքի ճեմասրահում բացվել էր «Տառերի անվերջ թռիչքը» խորագրով շատ հուզիչ ցուցահանդեսը՝ նվիրված հայոց այբուբենին, որն անտարբեր չթողեց գիտաժողովի բազմազգ ներկայացուցիչներին և ճեմասրահով անցնող այլ ուսանողներին ու դասախոսներին։




Գիտաժողովն ընթանում էր մի քանի դահլիճներում միաժամանակ՝ հաշվի առնելով մասնակիցների բավականին մեծ թիվը։ Զեկուցումները հետաքրքիր էին և բազմաբնույթ՝ լեզվաբանություն, գրականագիտություն, բանահյուսություն, պատմություն, մշակույթ, արվեստ, հնագիտություն, ազգագրություն ևն։ Մասնակիցներ կային Սոֆիայի համալսարանից, Բուլղարիայի ԳԱ-ից, Բուլղարիայի Գրադարանագիտություն և ՏՏ ինստիտուտից, ԵՊՀ-ի տարբեր ֆակուլտետներից, ԳԱԱ Աճառյանի անվան Լեզվի ինստիտուտից, ԳԱԱ Գրականություն ինստիտուտից, ԳԱԱ Ազգագրության և հնագիտության ինստիտուտից, Բրյուսովի անվան համալսարանից, Մատենադարանից, Ռուս-հայկական համալսարանից, մանկավարժական համալսարանից, Գերմանիայի «Մարտին Լյութեր» համալսարանից, INALCO-ից (Ֆրանսիա), Կալիֆոռնիայի համալսարանից (ԱՄՆ) և այլն։
Ուրախալի էր հատկապես «Հայագիտություն և կովկասագիտութուն» մասնագիտության բուլղար ուսանողների մասնակցությունը գիտաժողովին․ Տոմիսլավ Կրըստևի (Томислав Кръстев) զեկուցման թեման էր «Մխիթարյան միաբանությունը իբրև հայոց մշակույթի պահապան», իսկ Կալոյան Մատեկովի (Калоян Матеков) թեման՝ «Հայկական խոհանոց․ մշակույթը պատմությունը և ավանդույթները»։
Գիտաժողովը լուսաբանվում էր Սոֆիայի համալսարանի պաշտոնական կայքում, ինչպես նաև համալսարանի ֆեյսբուքյան էջում Բուլղարական ClassicFM ռադիոկայանը բավականին ծավալուն հարցազրույց է արել գիտաժողովի անմիջական կազմակերպիչներից և մասնակիցներից մեկի՝ Էոժենի Սակըզի հետ:
Գիտաժողովին անդրադարձել են նաև Բուլղարիայի տարբեր քաղաքներում լույս տեսնող հայկական թերթերը («Վահան», Պլովդիվ, «Երևան» շաբաթաթերթ, Սոֆիա, հասարակական և մշակութային կազմակերպությունները։
Գիտաժողովի մասնակիցների մի մասը կիրակի՝ հունիսի 21-ին, Սոֆիայի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում մասնակցեց տեր Հրաչ Մուրադյանի մատուցած պատարագին։
Նյութը պատրաստեց Ա․Ք․

