2025 թվականը՝ «Ջիպ»-ով․ Վահագն Ալեքսանյանի հայտարարագիրը
Սրսուռ ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը 2025 թվականը սկսել է նոր մեքենայով․ պատգամավորն այդ մասին նշել է պաշտոնատար անձի` 2025 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրում։
Ի դեպ, նա հայտարարագիրը ներկայացրել է ընդամենը օրերս՝ հունիսի 15-ին, մինչդեռ պաշտոնյաների հայտարարագրեր ներկայացնելու ժամկետն ավարտվում է հունիսի 1-ին։
Ամեն դեպքում, ՔՊԿ վարչության փոխնախագահի հայտարարագրի մասին՝ առավել մանրամասն
2025 թվականի հունվարին Վահագն Ալեքսանյանը 3,390,000 դրամով վաճառում է իր՝ 2019 թվականին գնած «Կիա» մակնիշի մեքենան և արդեն փետրվարին 6 միլիոն դրամով գնում 2018 թվականի արտադրության «Ջիպ»-ը։
Հիփոթեքով բնակարան, որը ՔՊ նվիրատուին առնչվող ՍՊԸ-ից է
Հանձնված և վերադարձված փոխառություններ տողից էլ տեղեկանում ենք 31,813,600 դրամ փոխառության մասին, որի կողմ է նշվել «ՕՐԴ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍՊԸ-ն։ Սա կառուցապատող ընկերություն է և, ըստ բաց հրապարակումների, այս ընկերության սեփականատիրոջ՝ Լևոն Օրդուխանյանի որդին՝ Սամվել Օրդուխանյանը, 2025 թվականին ՔՊ նվիրատուներից է եղել։
Վահագն Ալեքսանյանը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդ է նշել 27,955,706.4 դրամը և այդ աղյուսակում արդեն մատնանշել հիփոթեքի առարկա «բնակարան»-ի մասին։ Ի դեպ, նա հայտնել է, որ տարվա ընթացքում վարկի մարմանն ուղղել է 4 միլիոն 260,000 դրամ։
ՔՊ-ականի բանկային հաշիվների մնացորդները հաշետու տարում՝ 2025 թվականին աճել են, և տարեսկզբի 117,871 դրամի փոխարեն՝ տարեվերջին կազմել 4,003,872 դրամ։ Ըստ հայտարարագրում նշվածի՝ նվազել են նրա կանխիկ միջոցները՝ տարեսկզբի 4,230,000 դրամի փոխարեն՝ տարեվերջին կազմելով 3,200,000 դրամ։
Վահագն Ալեքսանյանի՝ հաշվետու տարվա 12 միլիոն 728,250 դրամ եկամուտը գոյացել է Ազգային ժողովի աշխատակազմից ստացած աշխատավարձից և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներից։ Ի դեպ, դեռ 2022 թվականին, նորաթուխ պատգամավորի հաշտվետու տարվա եկամուտը, որը դարձյալ գոյացել էր բացառապես ԱԺ-ից ստացած աշխատավարձից և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներից, 7,842,860 դրամ էր։

