«Thales»-ի հետ վաղուց համագործակցող Բաքուն ռիսկեր է տեսնում, երբ հարցը Երևանին է վերաբերում. Ո՞վ է գցել «Thales Group»-Հայաստան համագործակցության հիմքերը

Հունիսի 15-ին Փարիզում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել էր ֆրանսիական «KNDS» և «Airbus» ընկերությունների ներկայացուցիչների հետ, քննարկել համագործակցության ընթացքին առնչվող մի շարք հարցեր։

Նշենք, որ 2024 թվականի հունիսին Ֆրանսիայում ՀՀ պաշտպանության նախարարության և KNDS ֆրանսիական ռազմարդյունաբերական ընկերության միջև կնքվել էր ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր, որի համաձայն՝ Հայաստանը Ֆրանսիայից CAESAR ինքնագնաց հրետանային կայաններ ձեռք բերեց:

Այս տարվա մայիսին էլ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի Հայաստան այցի ընթացքում հայտնի դարձավ, որ ՀՀ պաշտպանական գերատեսչությունը տրանսպորտային ուղղաթիռների մատակարարման պայմանագիր է ստորագրել Airbus helicopters ընկերության հետ:

Իսկ այս օրերին «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսին մասնակցության նպատակով Ֆրանսիա էր մեկնել ոչ միայն Պաշտպանության նախարարության ղեկավարությունը, այլև Բարձր տեխնոլոգիական նախարարության, որի համատեքստում ֆրանսիական առաջատար «Thales» և հայկական պաշտպանական տեխնոլոգիաների «BooTech» ընկերությունները հայտարարել են արդյունաբերական գործընկերության մեկնարկի մասին, որը միտված է ռազմավարական համագործակցության խորացմանն ու տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանը։

Կարդացեք նաև

Համաձայնագրի շրջանակում BooTech-ը կգործի որպես արդյունաբերական գործընկեր՝ մարտական գործողությունների կառավարման համակարգերի, թվային ենթակառուցվածքների, կիբեռանվտանգության և հարակից ուղղություններով։ Այսինքն, Thales-ը կկիսվի իր արտադրական փորձով և տեխնոլոգիաներով, իսկ BooTech-ը ջանքերը կուղղի համակարգերի ինտեգրման և ցանցային լուծումների ուղղությամբ։

«Thales Group» ընկերությունը զբաղվում է էլեկտրական համակարգերի նախագծմամբ ու կառուցմամբ, ծառայություններ ապահովում ավիացիոն-տիեզերական, պաշտպանական, տրանսպորտային և անվտանգության շուկաներում:

BooTech-ը հայկական ընկերություն է, որը տրամադրում է առաջադեմ C2/C4ISR թվային լուծումներ՝ գործող և հաջորդ սերնդի համակարգերը միավորելով ցանցային մարտադաշտի կառավարման հարթակներում։

Այստեղ հարկ է հիշեցնել, որ ֆրանսիական և եվրոպական տեխնոլոգիական առաջատար «THALES» ընկերության հետ համագործակցության հիմքերը դրվել են դեռ 2018 թվականի սեպտեմբերին, երբ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Ֆրանսիա կատարած այցի շրջանակում հանդիպումներ էր ունեցել «Thales Group»-ի ղեկավարության հետ, իսկ 2018 թվականի նոյեմբերին այցելել էր ընկերության թվային արտադրամաս ու ծանոթացել գործունեությանը և ընթացիկ ծրագրերին, քննարկել հայաստանյան ընկերությունների հետ հնարավոր համագործակցության ուղղություններին վերաբերող հարցեր։

Արդեն 2019 թվականի հունիսին Արմեն Սարգսյանը Լը Բուրժեում անցկացվող Փարիզի միջազգային ավիացիոն ցուցահանդեսի շրջանակում այցելել էր «Thales Group» տաղավար և հանդիպել ընկերության նախագահ Պատրիս Քեյնի հետ:

Այստեղ էլ պայմանավորվածություն էր ձեռք բերվել «Thales Group»-ի ներկայացուցիչների այցը Հայաստան կազմակերպելու, ինչպես նաև՝ փոխգործակցության կոնկրետ ուղղությունների վերաբերյալ արդեն իսկ պատրաստված համապատասխան փաստաթուղթն ուսումնասիրելու նպատակով աշխատանքային խմբեր ստեղծելու վերաբերյալ:

Մասնավորապես հեռանկարային էր համարվել արհեստական բանականության, թվային տվյալների կառավարման և մի շարք այլ ոլորտներում համագործակցությունն ու համատեղ ծրագրերի իրականացումը:

Եվ 2019 թվականի սեպտեմբերին Հայաստան էր ժամանել տեխնոլոգիական առաջատար «Thales Group» ընկերության պատվիրակությունը: Այսինքն, ֆրանսիական այս ընկերության հետ համագործակցության մասին շատ ավելի վաղ են մտածել, և այստեղ կոնկրետ դերակատարում ունի ՀՀ նախկին նախագահը, սա պիտի ասվի, որքան էլ նրա հետ կապված տարբեր հարցերում, այդ թվում՝ 44-օրյայի օրերին և դրանից հետո ընկած ժամանակաշրջանին առնչվող վերապահումներ ունենանք:

Սա բոլորովին չի նսեմացնում դրանից հետո գործող պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի բանակցություններն այս ընկերության հետ համագործակցության հետ կապված:

2023 թվականին Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարները Ֆրանսիայում ստորագրել էին Thales մակնիշի GM 200 3 ռադարի վաճառքի վերաբերյալ, որոնցից, տարբեր տեղեկություններով, Ֆրանսիան նաև Ուկրաինային էր մատակարարել: Այդ ռադարները Հայաստանին, մեր տեղեկություններով, մատակարարվել են:

Ի դեպ, 2025 թվականին գրել ենք, որ Հայաստանին ֆրանսիական ռադարներ մատակարարող ընկերությունը միացել է ՆԱՏO-ի ՀՕՊ ծրագրին:

Այսինքն, ՆԱՏO-ի աջակցության և գնումների գործակալությունը (NSPA) համաձայնագիր էր ստորագրել ոչ միայն ASELSAN-ի, Lockheed Martin UK-ի, Raytheon-ի, այլև՝ Airbus-ի և «Thales»-ի հետ, որը հակաօդային պաշտպանության մոդուլային համակարգի կոնցեպտի մշակման գործընթացի տրամաբանության մեջ է։

Իսկ Ադրբեջանը ֆրանսիական «Thales» ընկերության հետ շատ ավելի վաղ ժամանակից է համագործակցում՝ մոտավորապես՝ 2013-2014 թվականներից: 2018 թվականին անգամ տեղեկություն էր շրջանառվել, որ Ադրբեջանում հնարավոր է հիմնվի «Thales»-ի արտադրանքների արտադրություն: 2023 թվականին էլ լուրեր եղան, որ «Thales»-ն Ադրբեջանում ներկայացուցչություն է բացում, այստեղ խոսքը, իհարկե, «Արևելք-Արևմուտք» և «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային «միջանցքներում» երկաթուղային ենթակառուցվածքների արդիականացման ուղղությամբ համագործակցության մասին էր, քանի որ, ինչպես նշեցինք վերևում, «Thales Group»-ը ծառայություններ է ապահովում նաև տրանսպորտային ոլորտում:

Բայց սա հետ չի պահել ադրբեջանական քարոզչամեքենային, որ ռիսկեր տեսնի Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության համատեքստում, այդ թվում՝ «Thales Group»-«BooTech»: Մասնավորապես, Baku TV-ն տեսավերլուծություն է ներկայացրել, որտեղ նշում է.

«Քանի որ «Thales»-ը հանդիսանում է ռադարային համակարգերի, օդային տարածքի վերահսկման, կառավարման համակարգերի, կապի, ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) և կիբերանվտանգության միջոցների աշխարհի առաջատար արտադրողներից մեկը, այս գործընկերությունը մատնանշում է սեփական պաշտպանական արդյունաբերությունն ու տեխնոլոգիական բազան զարգացնելու Հայաստանի ձգտումը։ Տվյալ փոխգործակցությունը կարող է ուժեղացնել Հայաստանի կարողություններն օդային տարածքի վերահսկման, սահմանների պահպանության, ԱԹՍ-ների դեմ պայքարի և հրետանու համակարգման ոլորտներում։

Այն պայմաններում, երբ խաղաղության պայմանագիրը դեռ ստորագրված չէ, իսկ վստահության միջավայրը լիարժեք ձևավորված չէ, ռազմատեխնիկական ներուժի ուժեղացումը կամ ավելացումը կարող է անվտանգության նոր ռիսկեր ստեղծել Հարավային Կովկասում։ Այս պահը հատուկ ուշադրություն է պահանջում սահմանային լարվածության, կոմունիկացիոն նախագծերի իրականացման և ուժերի տարածաշրջանային հավասարակշռության պահպանման համատեքստում»:

Հետաքրքիր է, որ նման տեքստեր ադրբեջանական քարոզչամեքենայից չես լսի, երբ տարբեր երկրների հետ միլիոնավոր եվրոների պայմանագրեր է կնքում Բաքուն  կամ, երբ Ադրբեջանում Մեծ Բրիտանայի դեսպան Դունկան Նորմանը հայտարարում է, որ Պաշտպանության ոլորտում Մեծ Բրիտանիա-Ադրբեջան հարաբերություններն ապրում են իրենց պատմության ամենաուժեղ շրջանը։

Իհարկե, այնպես չէ, որ ՀՀ-ից Ադրբեջանին նման տեքստեր ու մտավախություններ հասցեագրում են: Մինչդեռ Բաքուն զգուշացումներ ու ակնարկներ էր արել նաև հունիսի 17-25-ը Հայաստանի Հանրապետությունում անցկացվող «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության առնչությամբ, հատկապես, երբ այս տարի, բացի ԱՄՆ զինծառայողներից, մասնակցում են Ֆրանսիայի և Հունաստանի զինված ուժերի զինծառայողները: Բայց Բաքուն սրանով չի սահմանափակվում, և ժամանակ առ ժամանակ նաև Իրանին է մեղադրում Հայաստանին զինելու մեջ, ինչպես օրերս դա արել է Ադրբեջանի ՊՆ-ին մերձակա ռազմական մասնագիտացված և քարոզչական տելեգրամյան ալիքներից մեկը:

Այնպես որ՝ Բաքուն և Ալիևն առնվազն քարոզչական դաշտում շարունակում են թիրախում պահել ՀՀ զինված ուժերը և պաշտպանական կարողություններին առնչվող հարցերը, ինչո՞ւ չէ, հնարավոր սադրանքների լեգիտիմացման «հիմքեր» ստեղծում՝ նախապես մեղավոր կարգելով հայկական կողմին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930