Մերձավոր Արևելքի ճգնաժամը փոխում է Եվրասիայի երկրների անվտանգության միտումները. Լավրով
Պարսից ծոցի ճգնաժամը, որն արդեն ընդգրկել է ամբողջ Մերձավոր Արևելքը, արմատապես փոխում է Եվրասիայի երկրների անվտանգության միտումները։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Ճգնաժամը, որը ստեղծվել է Պարսից ծոցի շրջանում և ընդգրկել է, ըստ էության, ամբողջ Մերձավոր Արևելքը, արմատապես փոխում է ընդհանուր միտումները եվրասիական մայրցամաքում, այդ թվում՝ երկրների անվտանգության ապահովման ուղիների տեսանկյունից», – ասել է նա ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստից հետո կայացած ասուլիսի ժամանակ։
Նախարարը հայտնել է, որ ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստում քննարկվել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի աննախադեպ սրացումը։
«Հատուկ ուշադրություն է դարձվել Պարսից ծոցի գոտում լարվածության աննախադեպ սրման տարբեր ասպեկտներին, որոնք պայմանավորված են Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական ագրեսիայով», – ասել է Լավրովը:
Հիշեցնենք` Իրանն ու ԱՄՆ-ն ապրիլի 11-ին բանակցություններ սկսեցին Իսլամաբադում այն բանից հետո, երբ Թրամփը ապրիլի 8-ի գիշերը հայտարարեց Թեհրանի հետ երկշաբաթյա հրադադարի շուրջ համաձայնության հասնելու մասին: Սակայն արդեն ապրիլի 12-ի առավոտյան ամերիկյան պատվիրակությունը գլխավորող փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտնեց, որ կողմերը չեն կարողացել համաձայնության գալ:
Ավելի ուշ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ն կսկսի Հորմուզի նեղուց մուտք գործող և այնտեղից դուրս եկող բոլոր նավերի շրջափակումը:
ԱՄՆ ռազմածովային ուժերը ապրիլի 13-ին սկսեցին շրջափակել Հորմուզի նեղուցի երկու կողմերում գտնվող իրանական նավահանգիստները։ Վաշինգտոնը վստահեցնում է, որ Իրանի հետ կապ չունեցող նավերը կարող են ազատ անցնել նեղուցով, եթե դրա համար չեն վճարել Թեհրանին: Իրանի իշխանությունները վճար կիրառելու մասին չեն հայտարարել, բայց խոսել են նման ծրագրերի մասին։



