Բաժիններ՝

Պատերազմի ավարտի համաձայնագրում պետք է ներառվեն Իրանի միջուկային գործունեության ստուգման մեխանիզմներ. Գրոսի

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ղեկավարը հայտարարել է, որ պատերազմի ավարտին ուղղված ԱՄՆ-Իրան հնարավոր համաձայնագրում պետք է ներառվեն Իրանի միջուկային գործունեությունը ստուգելու «շատ մանրամասն» միջոցառումներ։ Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։

«Իրանն ունի շատ հավակնոտ, լայնածավալ միջուկային ծրագիր, ուստի այդ ամենը կպահանջի ԱԷՄԳ-ի տեսուչների ներկայությունը։ Հակառակ դեպքում համաձայնագիր չի լինի, կլինի համաձայնագրի պատրանք», – ասել է ԱԷՄԳ տնօրեն Ռաֆայել Գրոսին Սեուլում լրագրողների հետ զրույցում​:

Նրա խոսքով՝ միջուկային տեխնոլոգիաների վերաբերյալ ցանկացած համաձայնագիր «պահանջում է շատ մանրամասն ստուգման մեխանիզմներ»։

2025 թ. հունիսին 12-օրյա պատերազմի ընթացքում Իսրայելի և ԱՄՆ-ի ռմբակոծություններից հետո Իրանն արգելել է ԱԷՄԳ տեսուչների մուտքն իր միջուկային օբյեկտներ։

Իրանը հայտարարել է, որ իր միջուկային ծրագիրը խաղաղ է, ԱՄՆ-ն պնդում է, որ Իրանը ցանկանում է միջուկային զենք ձեռք բերել։

Ըստ ԱԷՄԳ-ի՝ Իրանն ունի 440,9 կգ մինչև 60% հարստացված ուրան։ Զենքի ստեղծման համար հարկավոր է մինչև 90% հարստացված ուրան, ինչի համար, ըստ ԱԷՄԳ-ի, ընդամենը կարճ տեխնիկական քայլ է անհրաժեշտ։ Գրոսին ավելի վաղ հայտնել էր, որ հարստացված ուրանի այս պաշարները թույլ կտան ստանալ 10 միջուկային զենք, եթե Իրանը որոշի դա անել։

Փետրվարի 28-ին ամերիկա-իսրայելական ռազմական գործողություններից հետո ապրիլի 8-ի գիշերը ձեռք բերված երկշաբաթյա հրադադարի ընթացքում Իրանը և ԱՄՆ-ն Պակիստանում բանակցություններ են անցկացրել, սակայն չեն կարողացել համաձայնության գալ։ Գլխավոր պատճառներից մեկն այն է, որ ԱՄՆ-ն պահանջում է, որ Իրանը լիովին հրաժարվի իր միջուկային ծրագրից։

Մամուլի ասուլիսի ժամանակ Գրոսին նաև ասել է, որ ԱԷՄԳ-ն հաստատել է Հյուսիսային Կորեայի միջուկային օբյեկտներում գործունեության «արագ աճ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930