Ռուսական ոսկու գործոնը. Ինչո՞ւ է տնտեսական ակտիվությունը կրկին վտանգված
Հայաստանում տնտեսական ակտիվության աճի տեմպը փետրվարին դանդաղել է։ Հունվարին 7.6 էր, փետրվարին իջել է 7.2 տոկոս։
Փետրվարի արդյունքներով, 2 ամսվա ՏԱՑ-ի աճի տեմպը նվազել է և կազմել 7.4 տոկոս։
Բայց նույնիսկ այդ նվազումը չէ, որ անհանգստացնող է։ Կան շատ ավելի մտահոգիչ երևույթներ, որոնք ցույց են տալիս, թե ինչ է թաքնված այդ աճերի հետևում։ Դրանց մասին իշխանությունները, բնականաբար, չեն խոսում, որովհետև շատ հաճախ նրանց միայն ոչինչ չասող ու ոչ մի արժեք չունեցող աճերն են հետաքրքրում։ Զարմանալի չէ, որ անցած տարվա անկումներից հետո, այս տարվա սկզբին տնտեսության որոշ ոլորտներում արձանագրված աճի ցուցանիշներով, հերթական աննախադեպ ձեռքբերումների պատրանք են փորձում ստեղծել։ Այն բանից հետո, երբ հրապարակվեց տարեսկզբի 2 ամիսների տնտեսական ակտիվության ցուցանիշը, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը շտապեց ազդարարել, թե տնտեսությունը համատարած բարձր աճերի մեջ է։
«2026թ. հունվար-փետրվարին տնտեսական ակտիվության ցուցանիշը 2025թ. նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 7,4 տոկոսով։
Աճ ունենք բոլոր ուղղություններով. արդյունաբերություն՝ 17,2 տոկոս, շինարարություն՝ 20,5 տոկոս, արտաքին առևտուր՝ 9,3 տոկոս, ծառայություններ՝ 7,2 տոկոս, առևտուր՝ 3,3 տոկոս»,- իր ֆեյսբուքյան էջում գրել էր Գևորգ Պապոյանը։
Սակայն, ինչպես միշտ, խուսափել էր ասել, թե ինչի՞ արդունքում են եղել այդ աճերը։
Տնտեսության 2 առանցքային ոլորտների՝ արդյունաբերության ու գյուղատնտեսության համար պատասխանատու էկոնոմիկայի նախարար ին հավանաբար հիացրել է արդյունաբերության բարձր աճը։ Իրականում 17,2 տոկոսը բարձր աճ է։ Բայց տեսեք, թե ինչի արդյունքում է գրանցվել այդ աճը։ Գրանցվել է անցած տարվա 19,4 տոկոս անկումից հետո։
Անցած տարվա անկումն անհամեմատ ավելի մեծ էր, քան այս տարվա աճը։ Ու դա նշանակում է, որ անգամ այդպիսի աճից հետո, անցած տարվա կորուստներն արդյունաբերության մեջ չեն վերականգնվել։
Դեռ չենք ասում, թե այդ աճն էլ հիմնականում ինչի շնորհիվ է տեղի ունեցել. Տեղի է ունեցել հանքահումքային ապրանքների արդյունահանման ավելացման ու կրկին ռուսական ոսկու վերաարտահանումների ակտիվացման շնորհիվ։
Անցած տարվա սկզբին, երբ ոսկու վերաարտահանումները դադարեցին, արդյունաբերությունը հայտնվեց խոր անկման մեջ։ Տարեվերջին, իհարկե, երբ վերաարտահանվող ոսկին կրկին օգնության եկավ, իրավիճակը մի փոքր փոխվեց՝ տարեկան կտրվածքով նույնիսկ հաջողվեց խուսափել անկումից։
Ռուսական ոսկու վերաարտահանումների ազդեցությունն արդյունաբերության վրա պահպանվում է նաև այս տարվա սկզբին։ Դրանով է պայմանավորված նախորդ տարվա անկումից հետո նկատվող մասնակի վերականգնումը։ Թեև այս աճերը բոլորովին էլ կապ չունեն արտադրության իրական ծավալների ավելացման հետ։ Ընդամենը շրջանառությունների աճերի հետ գործ ունեենք։ Բայց վերջին շրջանում դա էլ է վտանգված։ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի վրա սկսած հարձակման հետևանքով տարածաշրջանում եռացող կաթսան իր ազդեցությունն է սկսել թողնել՝ ինչպես համաշխարհային, այնպես էլ՝ տարածաշրջանի երկրների տնտեսությունների վրա։ Անմասն չէ նաև Հայաստանը։
Տնտեսական ակտիվության վերաբերյալ հրապարակված վերջին ցուցունիշներում տարածաշրջանային զարգացումների ազդեցությունները դեռ չեն երևում, որովհետև հակամարտությունն ավելի ուշ է մեկնարկել։ Դրանք լինելու են արդեն հաջորդ ամսին, եթե ոչ՝ ամիսներին։ Այդ ազդեցությունն արտահայտվելու է հատկապես ռուսական ոսկու վերաարտահանումների վրա, այն շրջանակներում, որ արդեն տևական ժամանակ Հայաստանը՝ շնորհիվ ռուսական ոսկու, դարձել է ԱՄԷ թանկարժեք մետաղների գլխավոր մատակարարներից մեկը։
Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումից հետո՝ մատակարարումների այդ շղթան կտրվել է, ընկել է նաև ոսկու պահանջարկը։
Դրա ազդեցությունը Հայաստանի տնտեսության ու առաջին հերթին արդյունաբերության վրա կտեսնենք արդեն ապրիլին, երբ հրապարակվեն մարտի ցուցանիշները։ Այն ժամանակ կերևա, թե խոսելուց բացի՝ ինչ են արել բարձրացնելու մեր տնտեսության իրական արտադրողականությունն ու դիմադրողականությունն արտաքին անկայունությունների նկատմամբ։
Մեկ տարուց ավելի տևող անկումից հետո, կրկին աճ է գրանցվել արտաքին առևտրի ոլորտում։
Պաշտոնապես հունվար-փետրվարին արտաքին առևտուրն աճել է 9.3 տոկոսով։
Դրա մեջ արտահանումն ավելացել է՝ 12.6, իսկ ներմուծումը՝ 7.3 տոկոսով։ Ու կրկին անցած տարի արտաքին առևտրի ոլորտում արձանագրված խորը ճգնաժամից հետո։
Անցած տարվա նույն շրջանում արտաքին առևտուրն ուղղակի գահավիժել էր։ Ավելի քան կիսով չափ կրճատվել էր։ Շատ ավելի մեծ էր հատկապես արտահանման անկումը, որը հասնում էր գրեթե 60 տոկոսի։ Ներմուծումը նվազել էր 46 տոկոսով։
Այսպիսի խորը անկումներից հետո է, որ այս տարի արտաքին առևտուրը, արտահանումն ու ներմուծումն աճել են։ Բայց դեռ չափազանց հեռու են 2 տարի առաջվա ծավալներին հասնելուց։ Արձանագրված աճն էլ հանքահումքային ապրանքների ու կրկին ոսկու վերաարտահանումների արդյունք է։ Ու այստեղ ևս, ամենայն հավանականությամբ, շուտով հետընթացների ականատես կլինենք։ Չնայած, եթե անգամ այդպես էլ չլինի, այդ աճերը շատ դեպքերում ուրախանալու առիթ չեն տալիս, որովհետև չեն բխում երկրի տնտեսական զարգացումներից։ Ընդհակառակը՝ մեծացնում են տնտեսական աճի կախվածությունն արտաքին գործոններից։ Դրա հետևանք է, որ այդ ոլորտները վերջին տարիներին անընդհատ ցնցումների մեջ են հայտնվում։
Այնպես որ, այն, ինչ առաջին հայացքից տեսնում ենք արդյունաբերության ու արտաքին առևտրի աճերում, խիստ հարաբերական են։ Այդ աճերից հետո անգամ, նախորդ տարվա կորուստները չեն վերականգնվել։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ



