Թրամփն աջակցություն է հայտնել Օրբանին Հունգարիայի խորհրդարանական ընտրություններից առաջ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին աջակցություն է հայտնել վարչապետ Վիկտոր Օրբանին Հունգարիայում խորհրդարանական ընտրություններից առաջ: Truth Social հարթակում Թրամփն Օրբանին անվանել է «ուժեղ և հզոր ղեկավար, որն ապացուցել է, որ հասնում է ֆենոմենալ արդյունքների»:
«Վիկտորը ջանասիրաբար աշխատում է Հունգարիայի պաշտպանության, նրա տնտեսության աճի, աշխատատեղերի ստեղծման, առևտրի խթանման, անօրինական ներգաղթի դեմ պայքարի և օրենքի ու կարգի պահպանման համար», – ասել է Թրամփը։
Նրա խոսքով՝ իր վարչակազմի օրոք ԱՄՆ-ի և Հունգարիայի միջև հարաբերությունները «հասել են նոր բարձունքների»:
«Ես հպարտ էի աջակցելու Վիկտորին 2022 թվականին նրա վերընտրության ժամանակ, և ինձ համար պատիվ է դա կրկին անել», – ընդգծել է Թրամփը:
Նա նշել է, որ Օրբանը «երբեք չի հիասթափեցնի հունգար ժողովրդին»:
«Գնացեք և քվեարկեք Վիկտոր Օրբանի համար…. Նա ունի իմ լիակատար աջակցությունը», – հավելել է Թրամփը։
Ապրիլի 7-8-ին Հունգարիա էր այցելել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը՝ հաջողություն մաղթելով Օրբանին ընտրություններում:
Հունգարիայում խորհրդարանական ընտրությունները կկայանան ապրիլի 12-ին: Օրբանի գլխավորած «ՖԻԴԵՍ-Հունգարական քաղաքացիական միություն» կառավարող կուսակցությունը մրցակցում է ընդդիմադիր «Տիսա» կուսակցության հետ, որի առաջնորդ Պետեր Մադյարը վայելում է ԵՄ ղեկավարության աջակցությունը:



