Պուտինը Զատկի տոնի կապակցությամբ հրադադար է հայտարարել
ՌԴ նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինի որոշմամբ՝ մոտեցող ուղղափառ Զատկի տոնի կապակցությամբ ապրիլի 11-ի ժամը 16:00-ից մինչև ապրիլի 12-ի օրվա վերջը հրադադար է հայտարարվել: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով Կրեմլին։
«Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ – Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար բանակի գեներալ Վալերի Գերասիմովին հանձնարարվել է այդ ժամանակահատվածում դադարեցնել մարտական գործողությունները բոլոր ուղղություններով։ Զորքերը պետք է պատրաստ լինեն կասեցնելու հակառակորդի կողմից հնարավոր սադրանքները, ինչպես նաև նրա ցանկացած ագրեսիվ գործողություն», – ասվում է հաղորդագրության մեջ։
Կրեմլում հավելել են, որ իրենց կարծիքով՝ ուկրաինական կողմը կհետևի Ռուսաստանի Դաշնության օրինակին։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին առաջարկել էր Զատկի տոների ընթացքում հրադադար հաստատել։



