«Մեզ պետք է միացյալ, չտրոհված ու կայուն Իրան. դա Թուրքիային զսպող գործոն է». Արմեն Աշոտյան
«Մենք՝ որպես պետություն, պետք է շահագրգիռ լինենք, որ Իրանում պատերազմն արագ կերպով ավարտվի։ Ցավոք, դիվանագիտությունը և ռազմական փաստացի գործողությունները միշտ չէ, որ համընկնում են, թեպետ հայտարարվել էր հրադադար, բայց Լիբանանի հետ կապված հրետակոծությունները խնդիրը հարցականի տակ են դնում»,- այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ խոսելով Իրանում և տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների ու դրանով պայմանավորված՝ Հայաստանի մասին։
Արմեն Աշոտյանը շեշտում է՝ այս ամենից Հայաստանում պետք է հետևություններ անեն, ըստ այդմ՝ առաջին հերթին անհրաժեշտ է.
«Կայուն տարածաշրջան, միացյալ, չտրոհված, ուժեղ Իրան՝ որպես հուսալի, բարեկամ պետություն։
Ակնհայտ է, որ եթե Իրանն այս պատերազմում չի պարտվում, իսկ դա կարծես թե ընդունում են արևմտյան շրջանակները, թուրքական գործոնն էլ առավել ընդարձակվելու հնարավորություն չի ստանալու, և սա մեզ համար պոզիտիվ զարգացում է։ Հակառակ պարագայում Ռուսաստանի հետևողական դուրսմղման և Իրանի թուլացման պայմաններում Թուրքիան ամբողջությամբ իրենով կլցներ տարածաշրջանը»։
Խոսելով հետևության մասին, Արմեն Աշոտյանն ասաց, որ դա վերաբերում է ամերիկյան անվտանգային երաշխիքներին, որոնք չեն աշխատում անգամ այն պետությունների համար, որտեղ Միացյալ Նահանգներն ունի ռազմաբազաներ, և որոնց իրոք տվել է այդ անվտանգային գարանտիաները։
«Հայաստանի պարագայում գիտենք, որ նախորդ տարվա վաշինգտոնյան հանդիպումներից հետո, որպես անվտանգային գործոն՝ մեզ փորձում էին հրամցնել ԱՄՆ նախագահի կողմից պարզապես վկա լինելը։ Իսկ մենք տեսնում ենք, որ Պարսից ծոցի երկրները կան, որոնք ուղղակի ԱՄՆ-ի պրոտեկտորատի պաշտպանության տակ են, բայց սա իրենց չի պաշտպանել»,- հավելեց Արմեն Աշոտյանը։
Այս համատեքստում նա նաև հավելեց՝ վերջին դասը, որը պետք է քաղել, հետևյալն է՝ ևս մեկ անգամ համոզվել, որ փոքր պետություններն իրավունք չունեն դառնալու մեծ պետությունների գեոպոլիտիկ խաղերի ձեռքերում խամաճիկ, հակառակ պարագայում՝ առաջին հերթին հենց իրենք են տուժելու։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում



