Իրան. անսպասելի շրջադարձ. Վաշինգտոնը հայտարարել է՝ ԱՄՆ-ը, Իրանն ու Իսրայելը պայմանավորվել են հրադադարի մասին, իսկ Իրանը՝ իր հաղթանակի մասին

Իրանի հետ հակամարտությունում անսպասելի շրջադարձ է տեղի ունեցել։ New York Times-ը հաղորդում է՝ նախօրեի երեկոյան ԱՄՆ-ը և Իրանը համաձայնության են եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ: Դա տեղի է ունեցել մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ Թրամփը սպառնացել է ոչնչացնել Իրանի «ամբողջ քաղաքակրթությունը», եթե վերջինս չապահովի առևտրային նավերի անվտանգ անցումը Հորմուզի նեղուցով: «Համաձայնագիրը,- պնդում է ամերիկյան առաջատար պարբերականը,- կնքվել է այն բանից քիչ առաջ, երբ Թրամփը վերջնագիր է ներկայացրել Իրանին. կամ նա բացում է Հորմուզի նեղուցը, կամ նրան աղետ է սպասում»:

«Պարոն Թրամփը,- շարունակում է NYT-ն,- հայտարարեց համաձայնության հասնելու մասին սոցիալական ցանցերում իր գրառման մեջ մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ Պակիստանը, որը վեճի միջնորդ է, կոչ արեց նրան հրաժարվել 20:00-ին արևելյան ժամանակով առաջ քաշված պահանջից, որպեսզի Իրանը կատարի իր պայմանները:

Պակիստանն առաջարկել է, որ կողմերից յուրաքանչյուրը պահպանի երկշաբաթյա հրադադարը, և, որ այդ ընթացքում Իրանը չխոչընդոտի նավթի, գազի և այլ նավերի անցումը տնտեսապես կարևոր այս ջրային ճանապարհով: Հրադադարի մասին հայտարարությունից անմիջապես հետո ԱՄՆ-ի ներկայացուցիչը հայտարարել է՝ ԱՄՆ-ի ռազմական հարվածներն Իրանին դադարեցվել են: Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտնել է, որ իրանցիները «կդադարեցնեն պաշտպանական գործողությունը», և, որ «երկու շաբաթվա ընթացքում հնարավոր կլինի անվտանգ անցում Հորմուզի նեղուցով»՝ իրանցի զինվորականների հետ համաձայնեցնելու պայմանով»:

Իսրայելը, պնդում է ամերիկյան պարբերականը, պաշտպանում է Իրանի վրա հարձակումները երկու շաբաթով դադարեցնելու Թրամփի որոշումը՝ Հորմուզի նեղուցի անհապաղ բացման և ԱՄՆ-ի, Իսրայելի և տարածաշրջանի այլ երկրների վրա Իրանի հարձակումները դադարեցնելու պայմանով, ասված է Նեթանյահուի գրասենյակի հայտարարության մեջ: Հայտարարության մեջ, սակայն, ասվում է, որ հրադադարի ռեժիմը չի տարածվում Լիբանանի վրա, ինչը հակասում է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի ավելի վաղ արած հայտարարությանը»:

Կարդացեք նաև

«Հրադադարի մասին համաձայնագիրը երկու կողմերին էլ ժամանակ է տալիս փորձելու վերջ տալ պատերազմին, որը սկսվել է փետրվարի վերջին, երբ ԱՄՆ-ը և  Իսրայելը զանգվածային ռազմական հարձակման ենթարկեցին Իրանին»,- Իրանի դեմ պատերազմում անսպասելի շրջադարձից եզրակացնում է NYT-ն: Ընդ որում, պարբերականը, վկայակոչելով իրանցի պաշտոնյաներին, պնդում է՝ վերջին պահին բանակցություններին միջամտել է Չինաստանը և համոզել Իրանին համաձայնել երկշաբաթյա հրադադարին: Իսլամական Հանրապետության դաշնակիցը կոչ է արել ճկունություն ցուցաբերել և թուլացնել լարվածությունը։

«Ավելի վաղ, երբ օրը մոտենում էր ավարտին, գնալով ավելի անհստակ էր դառնում, թե արդյո՞ք կողմերին կհաջողվի պայմանավորվել։ Նույնիսկ անհասկանալի էր, թե արդյո՞ք բանակցություններ են ընթանում», – նկարագրում է NYT-ը երեքշաբթի երեկոյան դրամատիկ իրավիճակը և լարված սպասումը, երբ Թրամփը սպառնացել է «ջախջախիչ հարվածներ հասցնել էլեկտրակայաններին, կամուրջներին և կրիտիկական ենթակառուցվածքների այլ օբյեկտներին, ինչը հնարավոր ռազմական հանցագործություն է միջազգային իրավունքի տեսանկյունից, և Իրանը դադարեցրել է անուղղակի բանակցությունները»: «Այս գիշեր մի ամբողջ քաղաքակրթություն կկործանվի, և այն այլևս չի վերածնվի», – նախազգուշացրեց Թրամփը նույն օրը, չնայած ակնարկեց՝ «հնարավոր է, որ հեղափոխական ինչ-որ գեղեցիկ բան տեղի ունենա»:

Սակայն, թե ինչ է տեղի ունեցել, դեռ պարզ չէ։ Քանի որ այդ ժամանակ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը Թրամփի կողմից հրադադարի մասին հայտարարությունից հետո հայտարարեց Միացյալ Նահանգների հետ պատերազմում հաղթանակի մասին, որը, նրա պնդմամբ, ընդունել է Թեհրանի 10 կետից բաղկացած առաջարկը:

«Իրանը մեծ հաղթանակ տարավ և ստիպեց ԱՄՆ-ին ընդունել 10 կետից բաղկացած ծրագիր», որի համաձայն՝ նրանք պետք է Հորմուզի նեղուցի վերահսկողությունը թողնեն Թեհրանի վրա, փոխհատուցում վճարեն նրան, հանեն պատժամիջոցները՝ թույլ տալով շարունակել ուրանի հարստացումը, ինչպես նաև զորքերը դուրս բերել Մերձավոր Արևելքից, ասված է իրանական Tasnim գործակալության կայքում հրապարակված հայտարարության մեջ:

Նշվում է՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունները կմեկնարկեն ուրբաթ՝ ապրիլի 10-ին, Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում: Թեհրանը բանակցային ողջ գործընթացի համար երկու շաբաթ է հատկացրել, այդ ժամկետի համար կսահմանվի հրադադարի ռեժիմ: Միևնույն ժամանակ, Անվտանգության խորհուրդն ընդգծել է՝ ԱՄՆ-ի հետ բանակցային գործընթացը չի նշանակում Նահանգների հետ պատերազմի ավարտ: Անվտանգության խորհուրդը նաև սպառնացել է ամբողջ ուժով պատասխանել, եթե ԱՄՆ-ը հրադադարի ընթացքում «չնչին սխալ» թույլ տա:

Տեղեկանալով այդ հայտարարության մասին՝ Թրամփը զայրացել է և կտրուկ հարձակումներ է գործել CNN հեռուստաալիքի վրա՝ ԱՄՆ-ի նկատմամբ հաղթանակի մասին Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի կեղծ հայտարարությունը հրապարակելու համար: Այս մասին ամերիկացի առաջնորդը գրել է Truth Social սոցցանցում։

«CNN World News- ի կողմից հրապարակված ենթադրյալ հայտարարությունը խաբեություն է, ինչը շատ լավ հայտնի է CNN-ին»,- գրել է նա: Նրա խոսքով՝ այդ հայտարարությունն իբր կապված է «Նիգերիայից կեղծ լրատվական կայքի» հետ։  Ընդ որում՝ Թրամփը հեռուստաալիքից պահանջել է ջնջել հրապարակումը՝ խոստանալով հետաքննություն անցկացնել մոտ ժամանակներս: Չնայած իրականում CNN-ն այստեղ կապ չունի: ԱՄՆ-ի նկատմամբ հաղթանակի մասին Իրանի Անվտանգության խորհրդի հայտարարությունը տեղադրված է նրա պաշտոնական գործակալության կայքում:

Մինչդեռ երեքշաբթի երեկոյան իրավիճակը հասել է լարվածության գագաթնակետին, ամբողջ աշխարհը սարսափով սպասում էր, որ ԱՄՆ-ը իսկապես կարող է իրականացնել իր սպառնալիքը «ռմբակործել Իրանը՝ նրան մղելով քարե դար»: Ապրիլի 7-ի առավոտյան իրանական Mehr գործակալությունն արդեն հայտնել է՝ ԱՄՆ-ը և Իսրայելն ահաբեկչական հարձակում են իրականացրել Խարք կղզու վրա: Մի քանի պայթյուններ են որոտացել կղզում, որն Իրանի գլխավոր արտահանման կենտրոնն է։ Այս կղզին գտնվում է Պարսից ծոցի հյուսիսային մասում, Բուշեր նահանգի ափերից մոտ 25-30 կմ հեռավորության վրա, Հորմուզի նեղուցից հյուսիս-արևմուտք: Այստեղ տեղակայված տերմինալով անցնում է իրանական նավթի արտահանման 90%-ը։ Նավթը մատակարարվում է խոշորագույն հանքավայրերից խողովակաշարերով, իսկ կղզու ենթակառուցվածքը թույլ է տալիս բեռնել սուպեր տանկեր և պահել մինչև 30 միլիոն բարել հումք։ Դիտորդներն այդ հարձակումը գնահատել են՝ որպես լայնամասշտաբ հարձակման մի տեսակ նախերգանք։

ԱՄՆ նախագահի մարդակեր սպառնալիքները, որոնք մենք չենք մեջբերելու, վրդովմունք են առաջացրել ամբողջ աշխարհում։ Դրանք դատապարտել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, որը կոչ է արել անհապաղ դիվանագիտական ջանքեր գործադրել Մերձավոր Արևելքում պատերազմը դադարեցնելու համար: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը. «չկա ռազմական նպատակ, որն արդարացնի հասարակության ենթակառուցվածքների ամբողջական ոչնչացումը կամ խաղաղ բնակչությանը դիտավորյալ տառապանք պատճառելը»:

Հռոմի Պապ Լեո XIV-ն «իսկապես անընդունելի» է անվանել Թրամփի սպառնալիքը՝ ոչնչացնելու «մի ամբողջ քաղաքակրթություն», եթե Իրանը չբացի Հորմուզի նեղուցը: Լրագրողների հետ զրույցում ամերիկացի առաջին քահանայապետը հավելել է՝ քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված հարվածները կխախտեն միջազգային իրավունքը:

Թրամփի սպառնալիքները դատապարտման են արժանացել նույնիսկ ԱՄՆ-ում։  Իրավաբանները պնդում են՝ քաղաքացիական ենթակառուցվածքներին հարվածելը կարող է ռազմական հանցագործություն լինել միջազգային իրավունքի տեսանկյունից: Իրանի զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Էբրահիմ Զոլֆագարին հայտարարել է՝ Իրանը «ջախջախիչ և մասշտաբային» պատասխան հարված կհասցնի իր քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակման դեպքում:

Լարվածությունը երեքշաբթի հասել է այնպիսի սահմանի, որ արդեն սկսել են խոսել Իրանի դեմ ԱՄՆ-ի կողմից միջուկային զենք կիրառելու հնարավորության մասին։ «Միգուցե այդ հայտարարությունները պարզապես պարծենկոտություն են, իսկ գուցե՝ ոչ»,- մեկնաբանել է ԱՄՆ նախագահի խելահեղ սպառնալիքները American Conservative պարբերականը։  -Ինչևէ, եթե Թեհրանը կանգնի իր տեղում, Թրամփը որոշակի պարտականություն կզգա սկսածն ավարտին հասցնելու և Իրանը հետապոկալիպտիկ բնապատկերի վերածելու հարցում։ Ավելին, Թրամփը նույնիսկ կարող է գայթակղվել միջուկային զենքի միջոցով հասնել այդ հրեշավոր նպատակին: Սպիտակ տան բոլոր շփոթեցնող ուղերձներից հազվադեպ հետևողականությամբ հնչում է միայն Իրանը «ոչնչացնելու» ձգտումը, և միջուկային զենքն ամենահուսալի միջոցն է»։

«Թրամփը կարծես թե չի կիսում այդ խելահեղ տեսակետը, բայց միջուկային վախերը նրա ռազմատենչության պատճառով, այնուամենայնիվ, հասունանում են։ Երկու շաբաթ առաջ ՄԱԿ-ի ներկայացուցիչը հրաժարական էր տվել իր պաշտոնից և տագնապալի հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ կազմակերպությունը «պատրաստվում է Իրանում միջուկային զենքի հնարավոր կիրառմանը»: Մի քանի օր առաջ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) պաշտոնյաները Politico ամսագրին հայտնել էին, որ վախենում են միջուկային հարձակումից»,- հայտնել է АС-ը։

Ամերիկացի հայտնի լրագրող Թաքեր Կարլսոնը հայտարարել է՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է միջուկային հարված հասցնել Իրանին, և կոչ է արել զինվորականներին և Սպիտակ տան աշխատակիցներին չկատարել նախագահի հրամաններն ու ազատվել աշխատանքից:

Սպիտակ տունն, իր հերթին, արդեն հերքել է Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու ծրագրերի մասին լուրերը: Բայց ամեն դեպքում, ամբողջ աշխարհը, շունչը պահած, երեքշաբթի սպասում էր, թե արդյո՞ք ԱՄՆ նախագահը կկատարի իր խենթ սպառնալիքները: Բայց հիմա բոլորը կարող են մի փոքր շունչ քաշել։ Հրադադարի մասին հայտարարությունից հետո Brent տեսակի նավթը, որը նավթի գների միջազգային չափանիշն է, էժանացել է՝ հասնելով մեկ բարելի դիմաց՝ 93 դոլարի: Չորեքշաբթի առավոտյան ասիական ֆոնդային ինդեքսները բացվեցին սև գույնով, ճապոնական Nikkei 225-ն աճել է 4%-ով, իսկ հարավկորեական Kospi-ն՝ ավելի քան 5%-ով: S & P 500 ֆոնդային ինդեքսի ֆյուչերսները, որոնք ներդրողներին հնարավորություն են տալիս շուկայում խաղադրույքներ կատարել մինչև չորեքշաբթի բորսաների բացումը, աճել են ավելի քան 2%-ով:

Թեթևացում եղավ նաև հենց ԱՄՆ-ում։ Հաղորդվում է՝ երկու կուսակցությունների Կոնգրեսի անդամները ողջունել են երեքշաբթի երեկոյան ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի մասին նախագահ Թրամփի հայտարարությունը, սակայն դեմոկրատները շարունակել են լուրջ հարցեր տալ այն մասին, թե ինչպես վարվել պատերազմից մի քանի շաբաթ անց՝ առանց Կոնգրեսի պատժամիջոցների: Բայց թե ինչ կլինի հետո, դեռ ոչ ոք չի որոշել ճշգրիտ կանխատեսել։ Սակայն պարզ է, որ իր խելահեղ բլիցկրիգի փլուզումից հետո ակնհայտ դարձավ, որ ԱՄՆ-ը այժմ գլուխ է բարձրացրել իրանական «ճահճի» մեջ և արդեն ուղղակի չգիտի, թե ինչ անել հետո։ Բացի այդ, պարզվում է, որ Սպիտակ տանը միաձայնություն չի եղել, երբ կայացվել է Իրանի հետ պատերազմ սկսելու ճակատագրական որոշումը։ Ապրիլի 7-ին New York Times-ը մեծ հոդված է հրապարակել այն մասին, թե ինչպես է Թրամփն ԱՄՆ-ին ներքաշել Իրանի հետ պատերազմի մեջ։

Դրա հեղինակները՝ Սպիտակ տան թղթակիցներ Ջոնաթան Սվանն ու Մեգի Հաբերմանը, մանրամասն նկարագրել են, թե ինչպես է տեղի ունեցել այդ հարցի քննարկումը։  ԱՄՆ-ի կողմից հանդիպմանը մասնակցում էին պետքարտուղար Մարկո Ռուբիոն, պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը և գեներալ Դեն Քեյնը, ԿՀՎ տնօրեն Ջոն Ռաթքլիֆը, ինչպես նաև նախագահի փեսան՝ Ջարեդ Քուշները և Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆը, որը բանակցություններ էր վարում իրանցիների հետ: Փոխնախագահ Ջեյ Դի Վենսը սկզբում ներկա չի եղել, քանի որ եղել է Ադրբեջանում։ Իսրայելի կողմից քննարկմանը մասնակցել են Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, «Մոսադի» տնօրեն Դևիդ Բարնեան, Իսրայելի արտաքին հետախուզությունը և իսրայելցի զինվորականները, որոնք փաստացի «համոզել» են Թրամփին հարձակման մասին որոշում կայացնել: Ի վերջո, նշում է NYT-ն, նույնիսկ Թրամփի ռազմական կաբինետի ամենասկեպտիկ անդամները, բացառությամբ Վենսի, որը կտրականապես դեմ էր լայնամասշտաբ պատերազմին, վստահեցին նախագահի ինտուիցիային, ներառյալ՝ նրա անսասան վստահությունը, որ պատերազմը կլինի արագ և վճռական:

«Պարոն Նեթանյահուն և նրա թիմը,- գրում է New York Times-ը,- նախանշել են այն պայմանները, որոնք, նրանց կարծիքով, ցույց են տալիս գրեթե երաշխավորված հաղթանակ. բալիստիկ հրթիռների ստեղծման իրանական ծրագիրը կարող էր փլուզվել մի քանի շաբաթվա ընթացքում: Ռեժիմն այնքան կթուլանար, որ չէր կարողանա փակել Հորմուզի նեղուցը, իսկ հավանականությունը, որ Իրանը կհարվածի ԱՄՆ շահերին հարևան երկրներում, գնահատվում էր նվազագույն։ Բացի այդ, «Մոսադի» հետախուզությունը ցույց է տվել, որ Իրանում կրկին փողոցային ցույցեր են սկսվելու, և իսրայելական լրտեսական գործակալության աջակցությամբ, որն անկարգություններ և ապստամբություններ է հրահրելու, ինտենսիվ ռմբակոծությունները կարող են պայմաններ ստեղծել իրանական ընդդիմության կողմից ռեժիմի տապալման համար: Իսրայելցիները նաև հնարավոր էին համարում, որ Իրանի քրդերն Իրաքի կողմից սահմանը հատեն և ցամաքային ճակատ բացեն հյուսիս-արևմուտքում, ինչն էլ ավելի կթուլացնի ռեժիմի ուժերը և կարագացնի դրա փլուզումը»:

«Հնչեղ է»,- ասել է Թրամփը վարչապետին: Նեթանյահուի համար դա ազդանշան էր այն մասին, որ ամերիկա-իսրայելական համատեղ գործողությունը, ամենայն հավանականությամբ, հավանության կարժանանա:

Քննարկումը շարունակվեց նաև հաջորդ օրը: Սակայն դրա վրա հնչել են իրավիճակի բոլորովին այլ գնահատականներ։ ԿՀՎ տնօրենը Իսրայելի վարչապետի առաջարկած ռեժիմի փոփոխության սցենարները բնութագրել է մեկ բառով՝ «Ֆարս»: Այդ պահին խոսակցությանը միջամտել է Ռուբիոն։ «Այլ կերպ ասած, դա անհեթեթություն է»,- ասել է նա: Խոսակցությանը միջամտել են ևս մի քանի հոգի, այդ թվում՝ Ադրբեջանից նոր վերադարձած պարոն Վենսը, ով նույնպես մեծ կասկածներ է հայտնել ռեժիմի փոփոխության հնարավորության վերաբերյալ: Այնուհետև նախագահը դիմել է գեներալ Քեյնին.

«Պարոն, իմ փորձով, իսրայելցիների համար սա ստանդարտ ընթացակարգ է: Ես չեմ կարող դա անել»: Նրանք չափազանցնում են, և նրանց ծրագրերը միշտ չէ, որ լավ մտածված են: Նրանք գիտեն, որ մեզ պետք են, և այդ պատճառով նրանք այդքան համառորեն առաջարկում են իրենց ծառայությունները»:

Պատերազմի ամենաակտիվ հակառակորդը Վենսն էր։ Փոխնախագահը կարծում էր, որ Իրանի հետ պատերազմը ռեժիմի փոփոխության համար աղետ կլինի: Նա կողմ էր, որ ընդհանրապես չխփեն: Գործընկերների ներկայությամբ Վենսը նախազգուշացրել է Թրամփին, որ Իրանի հետ պատերազմը կարող է տարածաշրջանում քաոսի և անթիվ զոհերի հանգեցնել: Բացի այդ, դա կարող է քայքայել Թրամփի քաղաքական կոալիցիան և ընկալվելու է շատ ընտրողների կողմից, ովքեր հավատում են նոր պատերազմներ չսկսելու խոստմանը, որպես դավաճանություն:

Պարոն Վենսը նաև այլ մտահոգություններ է հայտնել: Որպես փոխնախագահ՝ նա տեղյակ էր ԱՄՆ-ին զինամթերքի մատակարարման խնդրի մասշտաբների մասին։ Պատերազմը ռեժիմի դեմ, որը պայքարելու է մինչև վերջ գոյատևելու համար, կարող է հանգեցնել այն բանին, որ Միացյալ Նահանգները հայտնվի շատ ավելի վատ վիճակում, քան հիմա է, և չկարողանա մի քանի տարի պայքարել… Բայց իմանալով, որ Թրամփը, ամենայն հավանականությամբ, այս կամ այն կերպ կմիջամտի, նա փորձել է համոզել նրան ավելի սահմանափակ գործողությունների: Ավելի ուշ, երբ պարզ դարձավ, որ նախագահը մտադիր է լայնամասշտաբ արշավ անցկացնել, Վենսը հայտարարել է, որ պետք է ջախջախիչ հարված հասցնել՝ իր առջև դրված նպատակներին արագ հասնելու հույսով:

Ի՞նչ տեղի ունեցավ այդ քննարկման արդյունքում։ «Բոլորը լսեցին նախագահի ինտուիցիային»,- գրում է NYT-ը։ -Նրանք տեսան, թե ինչպես է նա համարձակ որոշումներ կայացնում, գնում անհավատալի ռիսկի և ինչ-որ կերպ հաջողության հասնում: Հիմա ոչ ոք նրան չէր խանգարի»։

«Ես կարծում եմ, որ մենք պետք է դա անենք»,- ասել է նախագահը հավաքվածներին: Նա նշել է՝ իրենք պետք է այնպես անեն, որ Իրանը միջուկային զենք չունենա, և, որ Իրանը չկարողանա հենց այնպես հրթիռներ արձակել Իսրայելի ուղղությամբ կամ ամբողջ տարածաշրջանում …»։ Հաջորդ օրը, նախագահական ինքնաթիռում, Թրամփն ուղարկեց հետևյալ հրամանը. «Չեղարկել չի կարելի։ Հաջողություն»:

Ի՞նչ կլինի արդյունքում: Չէ՞ որ Թրամփն իր վերջնագրերով իրեն փակուղի է մտցրել, շարունակում է տարբեր ուղղություններով նետվել՝ վտանգելով այժմ իր հեղինակությունը։ Եվ որքա՞ն կտևի հայտարարված հրադադարը։ Այս հարցին իր նկարով պատասխանել է ամերիկացի հայտնի ծաղրանկարիչ Բիլ Բրեմհոլը, ով New York Daily News թերթում տեղադրել է նկար, որտեղ Իրանը պատկերող քարտեզի վրա գրված է. «Վիետնամ»: Ինչը հիշեցնում է ԱՄՆ-ի խայտառակ ձախողման մասին։

Վլադիմիր Մալիշև

fondsk.ru

Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930