Թեհրանում թիրախավորվել է 100-ամյա բժշկական կենտրոնը
Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Միացյալ Նահանգների և Իսրայելի հարձակումների հետևանքով թիրախավորվել է մայրաքաղաք Թեհրանում գտնվող 100-ամյա «Փասթուր» բժշկական կենտրոնը։
«Իրանի «Փասթուր» ինստիտուտի՝ համաշխարհային առողջապահության 100-ամյա կենտրոնի և Միջազգային «Փասթուր» ցանցի անդամի դեմ հարձակումն ուղղակի հարձակում է միջազգային առողջապահական անվտանգության վրա», -X-ում գրառման մեջ նշել է Իրանի առողջապահության նախարարության խոսնակ Հոսեյն Քերմանփուրը։
Նա հրապարակել է դեպքի վայրից լուսանկարներ, որոնցում երևում է ծանր վնասված շենքը, իսկ կառույցի որոշ մասեր վերածվել են ավերակների։
«Սա խախտում է Ժնևի կոնվենցիաները և միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքները։ Մենք կոչ ենք անում Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեին և միջազգային առողջապահական կազմակերպություններին դատապարտել այս հարձակումը, գնահատել վնասը և աջակցել վերականգնմանը»,- գրել է առողջապահության նախարարության խոսնակը։



