Մխիթար Հայրապետյանն ընդունել է «Synopsys» ընկերության ճարտարագիտական գերազանցության խմբի ավագ փոխնախագահին
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է «Synopsys» ընկերության ճարտարագիտական գերազանցության խմբի ավագ փոխնախագահ Ռաջա Թաբեթին։
Հանդիպմանը մասնակցել են նաև ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը, «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանը և «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ տնօրեն Հովիկ Մուսայելյանը:
Հանդիպման ընթացքում նախարար Մխիթար Հայրապետյանը նշել է, որ Հայաստանի կառավարության և «Synopsys»-ի միջև ձևավորված են ջերմ և վստահելի գործընկերային հարաբերություններ։ Նախարարի խոսքով՝ նման վերազգային ընկերության երկարաժամկետ ներկայությունը Հայաստանում ստեղծում է բարձր արժեք՝ նպաստելով ինժեներական և տեխնոլոգիական էկոհամակարգի ձևավորմանը, ինչպես նաև զգալի ազդեցություն ունենալով երկրի կիսահաղորդչային արդյունաբերության, դիզայնի և արհեստական բանականությամբ պայմանավորված չիպերի նախագծման զարգացման վրա։
Նախարար Հայրապետյանն ընդգծել է Հայաստանի՝ «Synopsys» ընկերության հետ գլոբալ մասշտաբով ռազմավարական գործընկերության կարևորությունը՝ երկկողմ՝ պետություն-մասնավոր հատված համագործակցության սկզբունքով և ներդրումներ իրականացնելու պատրաստակամությամբ։ Նա նշել է, որ առկա է ներուժ՝ առավել մեծ ներդրումներ ուղղելու տաղանդների զարգացմանը, հետազոտությունների և մշակումների (R&D) կարողությունների ընդլայնմանը։ Նախարարը կարևորել է նաև ընկերության դերակատարումը մարդկային կապիտալի զարգացման գործում՝ նոր տաղանդների բացահայտման և խթանման, մտածելակերպի և մշակույթի փոփոխության, ինչպես նաև փափուկ հմտությունների զարգացման ուղղությամբ։
Նախարարը ներկայացրել է Կառավարության նախաձեռնությունները՝ ուղղված տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանը, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը, նորարարությունների խթանման ծրագրերը և կրթական ուղղությունների ընդլայնումը, նշելով ոլորտային առաջնահերթությունները՝ չիպերի նախագծում, արհեստական բանականություն, ռոբոտաշինություն, միկրոէլեկտրոնիկա և այլն։
Նախարարը նաև անդրադարձել է Հայաստանի տեխնոլոգիական զարգացման տեսլականին՝ ընդգծելով Firebird և Eleveight AI նախագծերի ռազմավարական նշանակությունը։ Այս նախաձեռնությունները միտված են բարձր հզորությամբ հաշվարկային և տվյալների մշակման միջավայրի ստեղծմանը։ Նա նշել է, որ պետությունը նպատակ ունի ապահովել ժամանակակից հաշվարկային ենթակառուցվածքների հասանելիություն և ձևավորել «ԱԲ տվյալային կենտրոնների պարտեզ», որտեղ կարող են զարգանալ և գործունեություն ծավալել ինչպես տեղական, այնպես էլ միջազգային տեխնոլոգիական ընկերություններ։
Իր խոսքում «Synopsys» ընկերության ճարտարագիտական գերազանցության ավագ փոխնախագահ Ռաջա Թաբեթը ներկայացրել է իր տպավորությունները Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգից՝ ընդգծելով երկրում ինժեներական տաղանդի կարևորությունը և համագործակցության բացառիկ մշակույթը։
Թաբեթը վերահաստատել է «Synopsys»-ի երկարամյա հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանում կրթության զարգացմանը։ Նա ընդգծել է, որ ընկերության կողմից համալսարաններում և ավագ դպրոցներում իրականացվող ԳՏՃՄ (STEM) և արհեստական բանականության (AI) ուղղվածությամբ ծրագրերի վրա սևեռումը կարևորագույն դեր է խաղում ճարտարագետների հաջորդ սերնդին ապագային պատրաստ հմտություններով զինելու, ինչպես նաև Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի ամրապնդման գործում։
Հանդիպման ավարտին կողմերն ընդգծել են իրենց պատրաստակամությունը` շարունակելու արդյունավետ համագործակցությունը։



