Թուրքիայում անհույս գործազուրկների թվում ռեկորդային աճ է գրանցել
«Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի» (TÜİK) 2025-ի «Տնային տնտեսությունների աշխատուժը» խորագրով հետազոտության տվյալներով՝ նեղ սահմանմամբ գործազրկության մակարդակը նվազել էր մինչև 8.3%՝ հատելով 3 միլիոնի շեմը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նույն զեկույցի համաձայն՝ լայն սահմանմամբ գործազրկության մակարդակը, աճելով 3 տոկոսով, կազմում է 29.7% և համարվում ռեկորդային։
Նեղ սահմանմամբ գործազուրկներ – 15 տարեկանը լրացած այն մարդիկ, որոնք վերջին 4 շաբաթում աշխատանք են փնտրել և առաջիկա 2 շաբաթում կարող են աշխատանքի անցնել։
Լայն սահմանմամբ գործազուրկներ– 15 տարեկանը լրացած այն մարդիկ, որոնք հույսները կորցրել են և այլևս աշխատանք չեն փնտրում
Տնտեսագետ Ջեմ Օյվաթի գնահատմամբ՝ այս հակասական պատկերը պայմանավորված է հատկապես թերի զբաղվածության աճով․ սա այն մարդկանց մասին է, ովքեր աշխատում են շաբաթական 40 ժամից քիչ, բայց պատրաստ են աշխատել ավելի շատ։ Նրա խոսքով՝ հենց այս խումբը զգալիորեն բարձրացրել է ընդհանուր ցուցանիշը։
Օյվաթը նաև նշել է, որ Թուրքիայի տվյալները զգալիորեն գերազանցում են միջազգային միջին մակարդակը․ օրինակ՝ Հունաստանում այդ ցուցանիշը կազմում է շուրջ 15%, իսկ Իսպանիայում՝ մոտ 18.6%։ Մասնագետների կարծիքով՝ տվյալները ցույց են տալիս աշխատաշուկայի խորքային խնդիրները՝ չնայած պաշտոնական մակարդակում գրանցված գործազրկության նվազման ցուցանիշներին։
Թուրքական մեդիայում արձանագրված պատկերը բնութագրվում է հետևյալ կերպ. «Թուրքիայում արձանագրվել է «թաքնված գործազրկության» աճ՝ չնայած պաշտոնական ցուցանիշներով դրա նվազմանը»:



