Արևմուտք գնանք, թե Արևելք մեկ է՝ չենք փոխվելու. Վարդան Հարությունյան

Վարդան Հարությունյանը գրում է. «Արևմուտք գնանք, թե Արևելք մեկ է՝ չենք փոխվելու

Շատ էի լսում խոսակցություններ, որ իմ «Այլախոհությունը Խորհրդային Հայաստանում» գիրքը, որ 2014-ին էր հրապարակվել, պետք է վերահրատարակել։ Վերջերս որոշեցի զբաղվել այդ գործով։ Հատկապես, որ գրքի հրապարակումից հետո ահագին նոր տեղեկություններ էի հավաքել։ Դրանք ավելի ուշ՝ 2019-ին ներառել էի գրքի ռուսերեն թարգմանության մեջ, իսկ հայերնը, փաստորեն, թերի էր մնում։

2011-ին, երբ նոր էի գրքի վրա աշխատել սկսել, դիմեցի Ազգային անվտանգության ծառայությանը, որպեսզի ինձ տրամադրեն 1960-1988 թվականների ընթացքում հակախորհրդային գործունեության համար դատապարտված անձանց նկատմամբ կայացված դատավճիռները։ Սկզբում սիրով համաձայնեցին, խոստացան մի 20 օրվա ընթացքում ողջ փաթեթն ինձ տրամադրել, բայց, որքան էլ զարմանալի էր, մի քանի օր անց նրանցից գրավոր մերժում ստացա։ Որպես մերժման հիմք հիշատակել էին Արխիվների եւ Տեղեկատվության մասին օրենքները։ Իբր՝ դատավճիռները անձնական կամ ընտանեկան գաղտնիքներ են պարունակում։ Պնդումներս, որ դատավճիռները հրապարակային փաստաթղթեր են, որ հրապարակվելուց հետո դրանք տրվում են դատավարության կողմերին, այդ թվում նաեւ դատապարտյալին ու չեն կարող գաղտնիք համարվել՝ հաշվի չառան։

Անիմաստ բանավեճի մեջ չմտնելու նպատակով որոշեցի այդ տարիներին դատապարտվածներից, իսկ նրանց մահվան դեպքում նրանց հարազատներից ստանալ գրավոր համաձայնություն, թե նրանք չեն առարկում, որ ես իրենց կամ իրենց հարազատի նկատմամբ հրապարակված դատավճիռն ԱԱԾ արխիվից ստանամ։ Հավաքեցի մի ամբողջ փաթեթ ու կից նամակով ուղարկեցի ԱԱԾ։ Չեք պատկերացնի՝ նույն օրենքների վրա հղում անելով կրկին մերժեցին։ Նրանց վրա ազդելու լավագույն տարբերակը մնում էր հասարակական ճնշումը: Հանդես եկա հայտարարություններով ու հարցազրույցներով։ Մի խումբ նախկին քաղբանտարկյալներ միացան ինձ։ Բողոքեցին, հարցազրույցներ տվեցին ու կարճ ժամանակ անց ԱԱԾ-ը տեղից շարժվեց։ Ինձ զրույցի հրավիրեցին ու խոստացան լուծել հարցը։ Լուծեցին, իհարկե, բայց թերություններով։

Հիմա, արդեն մեր օրերում, երբ սկսեցի աշխատել գրքի վերահրապարակման վրա, միտք ծագեց՝ դիմել ԱԱԾ կրկին ու ստանալ այնտեղից նույն դատավճիռները, որոնք վաղուց՝ 2014-ին ստացել ու հրապարակել եմ, բայց արդեն առանց թերությունների։

Մտածեցի՝ 2018 է եղել, պատերազմ է եղել, պարտություն է եղել, նահանջներ են եղել ու կորուստներ, հներն ավելի են հնացել, նորերն են արդեն ահագին հին, ԱԱԾ ղեկավարներ են փոխվել ու այնքան շատ ու այնքան արագ, որ անունները հիշել անգամ չենք հասցնում, մեր երկիրը ժողովրդավարության բաստիոն է հռչակվել, դեպի Արեւմուտք է գնում ու, հավանաբար, ԱԱԾ-ն էլ փոխված կլինի։ Բայց կրկին մերժում ստացա։ Կրկին նույն՝ Արխիվների եւ Տեղեկատվության մասին օրենքների հիշատակմամբ։ Պարզվեց՝ աշխարհում ինչ էլ փոխվի, մեր երկրում ինչ էլ փոխվի՝ ԱԱԾ-ն նույնն է մնալու։ Նույն համակարգն է մնալու ու նույն մտածողությունն է մնալու։
Կարելի էր, իհարկե, նրանց մերժումը դատական կարգով վիճարկել, բայց մտածեցի, որ ափսոս են դրա վրա ծախսված ժամանակն ու էներգիան։ Լրամշակված ու ավելի ամբողջական դարձած գիրքը վերահրապարակելու եմ թերություններ պարունակող դատավճիռներով։ Այդ թերությունները էապես չեն էլ ազդում այն տեղեկատվության վրա, որ ես ընթերցողին փոխանցել եմ ցանկացել։

Մեր երկում նոր օրենքները մշակելիս, իբր, հաշվի են առնում եվրոպական փորձը։ Այդ փորձը յուրացնելու նպատակով պատվիրակություններ են մեկնում Եվրոպա, եվրոպացիներն են այստեղ գալիս, այդ շրջագայությունների վրա հսկայական գումարներ են ծախսվում, եվրոպական փորձը յուրացնելու մասին տափակ ու քառակուսի հարցազրույցներ են լինում ու նույն կարգի ասուլիսներ։ Բայց ես, որպես ժամանակ առ ժամանակ արխիվների հետ առնչություն ունեցող մարդ կարող եմ պնդել՝ երբ դեռ չկային այս օրենքները, արխիվներից օգտվելը շատ ավելի հեշտ էր։ Նույն այդ եվրոպական երկրներում ուսումնասիրողները շատ ավելի հեշտ են օգտվում արխիվներից քան Հայաստանում է։ Այնպես որ՝ խնդիրն օրենքները չեն, խնդիրը մտածողությունն է, որից մենք, ինչ էլ տեղի ունենա, հրաժարվել չենք պատրաստվում»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031