«Ոչ ոք չի կարող ծնկի բերել այս Թուրքիային». Էրդողան
Թուրքիայի նախագահ և «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կուսակցության կենտրոնական գրասենյակում կայացած նահանգային ղեկավարների ընդլայնված հանդիպմանը հանդես է եկել հայտարարություններով: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Էրդողանը նշել է, որ Թուրքիայի տնտեսությունն ունի բավարար ուժ և դիմակայունություն՝ հաղթահարելու տարբեր մարտահրավերներ՝ ընդգծելով, որ երկիրը վերջին 23 տարիում դիմացել է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ճնշումներին։
«Ոչ ոք չի կարող ծնկի բերել այս Թուրքիային»,- հավելել է Թուրքիայի նախագահը:
Բացի այդ, Էրդողանը վստահություն է հայտնել, որ ի վերջո հաղթողը կլինի Թուրքիան և «86 միլիոնանոց թուրք ժողովուրդը»՝ հավելելով, որ «կհաղթեն նաև եղբայրությունը, խաղաղությունն ու արդարությունը»։ Նա ընդգծել է, որ իշխանությունները շարունակելու են «հավասարակշռված և ողջամիտ քաղաքականությունը» թե՛ երկրի ներսում, թե՛ տարածաշրջանում։



