Բաժիններ՝

Թրամփը ևս 10 օրով հետաձգում է Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մինչև ապրիլի 6-ը հետաձգում է Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածները, մինչ բանակցություններ են ընթանում։ Այս մասին նա հայտնել է իր Truth Social հարթակում։

«Իրանի կառավարության խնդրանքով սույն հայտարարությամբ ասում եմ, որ ես դադարեցնում եմ էներգետիկ օբյեկտների ոչնչացումը 10 օրով՝ մինչև երկուշաբթի՝ 2026 թ. ապրիլի 6-ը, արևելյան ափի ժամանակով ժամը 20։00-ն», – գրել է նախագահը։

Նա հավելել է, որ բանակցությունները լավ են ընթանում։

«Բանակցությունները շարունակվում են, և չնայած կեղծ լուրեր տարածող մամուլի և այլոց կողմից սխալ հակառակ պնդումներին, դրանք շատ լավ են ընթանում», – հավելել է Թրամփը։

Պակիստանն Իրանին է փոխանցել 15 կետից բաղկացած ամերիկյան առաջարկը պատերազմի դադարեցման շուրջ։ Իրանական կողմը հաստատել է, որ իրեն հաղորդագրություններ են փոխանցվել միջնորդների կողմից, սակայն հրաժարվում է դա անվանել բանակցություններ։

Իր գրառումից կարճ ժամանակ անց Թրամփը Fox News հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ Իրանն ԱՄՆ-ից 7 օրվա դադար է խնդրել, իսկ ինքն ասել է, որ 10 օր է տալիս։

Ավելի վաղ Սպիտակ տանը կաբինետի նիստի ժամանակ Թրամփը հայտարարել էր, որ իրանցիներն իրեն «նվեր» են ուղարկել՝ թույլ տալով, որ Հորմուզի նեղուցով անցնի 10 լցանավ։

Օրեր առաջ ԱՄՆ նախագահը սպառնացել էր հարվածել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին, եթե Հորմուզի նեղուցով նավագնացությունը չվերականգնվի։ Իրանը բազմիցս պնդել է, որ նեղուցն արգելափակված է միայն թշնամական երկրների նավերի համար։ Փետրվարի 28-ին Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր նեղուցով նավագնացությունը գրեթե դադարել է, ինչի հետևանքով նավթի գինը կտրուկ աճել է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031