ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի դիտարկմամբ՝ Մերձավոր Արևելքում պատերազմը դուրս է եկել վերահսկողությունից
Մերձավոր Արևելքում պատերազմը դուրս է եկել վերահսկողությունից՝ չափազանց հեռուն գնալով, իսկ աշխարհը բախվում է ավելի լայն հակամարտության, համաշխարհային տնտեսական ցնցման սպառնալիքների ու մարդկային տառապանքների աճի։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ հավելելով, որ ժամանակն է դադարեցնել լարվածությունը և անցնել դիվանագիտության՝ վերադառնալով միջազգային իրավունքի նկատմամբ լիակատար հարգանքին։
Դիմելով հակամարտության կողմերին` Գուտերեշը Միացյալ Նահանգներին և Իսրայելին կոչ է արել անհապաղ դադարեցնել պատերազմը, իսկ Իրանին՝ դադարեցնել հարևան երկրների վրա հարձակումները, որոնք հակամարտության կողմեր չեն։
Գլխավոր քարտուղարը հատուկ նշել է, որ Հորմուզի նեղուցի փակումը «խեղդում է» նավթի, գազի և պարարտանյութերի մատակարարումները համաշխարհային ցանքի սեզոնի կարևորագույն պահին, և որ պատերազմի հետևանքներն ամենաշատը հարվածում են մոլորակի ամենաաղքատ և ամենախոցելի մարդկանց։



