Ի գիտություն Արցախը հանձնածի՝ պատմության մեջ ոչ մի աղետ առանց պատասխանատվության չի մնացել. Մետաքսե Հակոբյան
«Նիկոլը նոր հանձնարարական ունի. ժխտել հայ ժողովրդի ինքնորոշման պայքարը՝ ներկայացնելով Ղարաբաղյան շարժումը որպես «օտար շահերի զոհասեղան»-, գրել է Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը.
«Ի գիտություն Արցախը հանձնածի. այդ շարժումը սկսվել է ոչ թե աշխարհաքաղաքական խաղերից, այլ Սումգայիթից, Բաքվից, Կիրովաբադից փախչող մարդկանց արյունով։ Եթե սա «սխալ» է, ապա ստացվում է՝ սխալ էր նաև այդ մարդկանց պաշտպանվելու փորձը։
Նիկոլի՝ «Մենք ենք ժխտել մեր տարածքը, դրա համար կորցրել ենք ինքնիշխանությունը թեզը շրջված պատճառահետևանք է։ Իրականում ոչ թե Ղարաբաղյան շարժումն է թուլացրել Հայաստանի ինքնիշխանությունը, այլ Նիկոլի սխալ կառավարման և պարտվողական քաղաքականության հետևանքով է երկիրը կորցրել դիրքերը։
Ըստ Նիկոլի, եթե «շարժումը շարունակվում է՝ նշանակում է պատերազմ»։
Սա արդեն քաղաքական ընտրություն չէ, սա շանտաժ ու ահաբեկչություն է հայի նկատմամբ։
Այս ձևակերպումը հետևյալի մասին է. «կամ հրաժարվում եք ձեր իրավունքներից, կամ ձեր գլխին նոր պատերազմ եմ բերելու»։
Իսկ իրականում քաղաքականությունը միշտ ունի երրորդ ճանապարհ՝ իրավունքների պաշտպանություն առանց անմիջական պատերազմի՝ դիվանագիտությամբ, միջազգային հարթակներով, պետության ուժեղացմամբ։
Եվ վերջապես՝ երբ Նիկոլը Անկախության հռչակագիրը «կոնֆլիկտի հռչակագիր» է անվանում, սա արդեն պետականության գաղափարական հիմքի վերանայում է, հայտարարություն Հայաստանի Հանրապետության չլինելու մասին։
Նիկոլները պարտվողականությունը դարձրել են պետական քաղաքականություն։
Նրանք պիտի պատասխանատվության ենթարկվեն իրենց բերած աղետների համար, երբ մեր երկրում կվերականգնվի պետությունը, երբ օրենքը կդադարի լինել ընտրովի, երբ իշխանությունը չի պաշտպանվի պաշտոնով, և երբ հասարակությունը չի բավարարվի միայն զայրույթով, այլ արդարություն կպահանջի։
Մինչ այդ նա շարունակելու է հոխորտալ, արդարանալ, մեղադրել ամբողջ մի ժողովրդի և նրա պայքարը՝ հանուն ինքնության»։



