Պետքարտուղարությունն ամբողջ աշխարհում գտնվող ամերիկացիներին հորդորել է զգուշավորություն դրսևորել
ԱՄՆ պետքարտուղարությունը նախազգուշացում է տարածել՝ ամբողջ աշխարհում գտնվող ամերիկացիներին կոչ անելով զգուշավորություն դրսևորել՝ հաշվի առնելով Մերձավոր Արևելքում տիրող լարվածությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պետքարտուղարությունը X-ում գրառման մեջ նշել է, որ այս նախազգուշացումը վերաբերում է հատկապես Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին։
«ԱՄՆ դիվանագիտական հաստատությունները, այդ թվում՝ Մերձավոր Արևելքից դուրս, թիրախավորվել են։ Իրանին աջակցող խմբերը կարող են թիրախավորել ԱՄՆ այլ շահերը արտասահմանում կամ Միացյալ Նահանգների և/կամ ամերիկացիների հետ կապված վայրերն ամբողջ աշխարհում», – նշված է հաղորդագրության մեջ։
Ամերիկացիներին հորդորվում է հետևել մոտակա ԱՄՆ դեսպանատան կամ հյուպատոսության ուղեցույցներին։
ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել փետրվարի 28-ից՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը, հերքելով մեղադրանքները, սկսել է պատասխան հարվածներ հասցնել Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում էներգետիկ ենթակառուցվածքներին, ամերիկյան ռազմաբազաներին և ԱՄՆ-ի հետ կապված օբյեկտներին։ Հարվածներից տուժել են Քուվեյթը, Կատարը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, Օմանը, Բահրեյնը, Իրաքը։



