ԻՀՊԿ-ն նախազգուշացումներ է ուղարկել ընդդիմության հետ կապերի մեջ կասկածվող քաղաքացիներին. Fars
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) SMS-հաղորդագրություններ է ուղարկել իսլամական հանրապետության այն քաղաքացիներին, որոնք կասկածվում են ընդդիմադիր շարժումների հետ կապերի մեջ: Սա հաստատել է ԻՀՊԿ-ին մոտ կանգնած Fars գործակալությունը։
ԻՀՊԿ հետախուզական ծառայության աղբյուրի խոսքով՝ քաղաքացիներին տեղեկացվել է, որ «ընդդիմադիր թելեգրամ ալիքներում իրենց անդամակցությունն ու գործունեությունը վերահսկվում են» եւ նախազգուշացվել են դատական հետապնդման մասին, եթե օգտատերերը չհեռանան նշյալ հանրույթներից: ԻՀՊԿ հետախուզական աղբյուրն ընդգծել է, որ ընդդիմադիր ալիքները, ենթադրաբար, «վերահսկվում են Իսրայելի կողմից»: Թե որ ալիքների և քաղաքացիների ինչ գործունեության մասին է խոսքը՝ չի նշվել:
Մարտի 17-ին իսլամական հանրապետության դատական համակարգի ղեկավար Ղոլամ Հոսեյն Մոհսենի-Էջեին հայտնել է, որ Իսրայելի եւ Միացյալ Նահանգների հետ համագործակցության, ինչպես նաեւ նրանց անունից լրտեսության մեջ մեղավոր ճանաչվածները կենթարկվեն մահապատժի կամ գույքի լրիվ բռնագրավման՝ հօգուտ պետության։
Մարտի 15-ին Իրանի ոստիկանության պետ, գեներալ Ռեզա Ռադանը հայտնել էր, որ փետրվարի 28-ից ի վեր իրավապահ մարմինները ձերբակալել են առնվազն 500 մարդու՝ թշնամու հետ համագործակցելու կասկածանքով։



