Բաժիններ՝

Մեքսիկայում անկարգությունների մեծ ալիք է սկսվել խոշորագույն նարկոկարտելի ղեկավարի սպանությունից հետո

Ամերիկացի մասնագետներն աջակցել են Մեքսիկայում «Խալիսկոյի նոր սերունդ» կարտելի պարագլուխ Էլ Մենչո մականվամբ Ռուբեն Նեմեսիո Օսեգերա Սերվանտեսին բռնելու գործողությանը: Այս մասին հաղորդում է Reuters-ը։

Փետրվարի 22-ին Մեքսիկայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր «Խալիսկոյի նոր սերունդ» խոշորագույն կարտելի պարագլխին բռնելու գործողության անցկացման մասին։ Ռազմական գերատեսչությունը հայտնել է, որ գործողությունը տեղի է ունեցել Տապալպա քաղաքի արևմտյան մասում։ Էլ Մենչոն մահացել է ստացած վերքերից՝ հիվանդանոց ուղղաթիռով տեղափոխելիս։ Պաշտպանության նախարարության տվյալներով՝ կարտելի ևս չորս անդամ զոհվել է, երկուսը՝ ծանր վիրավորվել։ Վիրավորվել է նաև երեք զինծառայող։

Նախկին ոստիկան Էլ Մենչոն ստեղծել էր հզոր հանցավոր կազմակերպություն, որը պատասխանատու էր Միացյալ Նահանգներ կոկաինի, մեթամֆետամինի և ֆենտանիլի զգալի քանակությամբ մաքսանենգության համար: Միացյալ Նահանգները 15 միլիոն դոլար պարգևատրում էր առաջարկել նրա գտնվելու վայրը պարզելու դիմաց։

Մեքսիկայի պաշտպանության նախարարությունը նաև նշել է, որ Միացյալ Նահանգները տրամադրել է տեղեկատվություն, որը նպաստել է գործողության անցկացմանը:

Այս գործողություններից հետո Մեքսիկայում սկսվել են անկարգություններ, «Խալիսկոյի նոր սերունդ»-ի ներկայացուցիչները տարբեր քաղաքներում հրկիզում են ավտոմեքենաներ, արգելափակում են ճանապարհներ, հարձակվում են ուժայինների վրա։

«Խալիսկոյի նոր սերունդ» նարկոկարտելը հայտնի է իր առանձնահատուկ դաժանությամբ. նրա զինյալները մի անգամ հրթիռային նռնակով խոցել են բանակային ուղղաթիռ, սպանել են տասնյակ պաշտոնյաների և իրենց զոհերի մարմինները կախել են կամուրջներից՝ մրցակիցներին վախեցնելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս