ՀԻՇՈՒՄ ԵՄ, ԱՍԱՑ՝ ԵԹԵ ԿԱՐՈՂԱՆԱՅԻ ՔԵԶ ՇԱՏ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ ՏԱԼ, ՉԷԻ ԹՈՂՆԻ ԳՆԱՍ
168TV-ի «Ռանդևու» հաղորդման հյուրը երգիչ Գևորգ Մարտիրոսյանն է:

Գևորգ Մարտիրոսյանը սիրում է շարժում։ Սիրում է բեմում «ապրել» այնպես, ինչպես զգում է։ Եվ հենց դա երբեմն դառնում է քննարկման թեմա։
Խոսելով հայկական շոու-բիզնեսի մասին՝ նա հստակ ասում է.
«Մեր երգիչ-երգչուհիներից ոչ մեկի դեմ ոչ մի բան չունեմ։ Բայց մենք ավելի զուսպ ենք բեմում, քիչ ենք շարժվում։ Եթե ինչ-որ մեկը մի քիչ ավելի ակտիվ է, սկսում են մտածել՝ կարող է ինչ-որ բանի ազդեցության տակ է։ Տենց կարծիքներ լսել եմ, ցավոք»։

Նրա խոսքով՝ այդ պատկերացումները ոչ մի կապ չունեն իրականության հետ.
«Դա ուղղակի տեսակ է։ Ես սիրում եմ ակտիվություն բեմում։ Սիրում եմ շարժվել, սիրուն երգել, ուրախանալ ու իմ հետ ուրախացնել մարդկանց»։
Նրա համար բեմը հաշվարկ չէ։ Դա էներգիայի փոխանակում է.
«Կեղծավորների համար ավելի հեշտ է»
Շոու-բիզնեսի մասին խոսելիս՝ Գևորգը չի գեղեցկացնում իրականությունը։
«Մեր ասպարեզում, կոպիտ ասած, երբ կեղծավոր ես լինում, ավելի հեշտ են ինչ-որ ճանապարհներ բացվում, քան, երբ ուղիղ ես ու չես փորձում շողոքորթելով առաջ գնալ։ Միանշանակ՝ ավելի դժվար է»,- ասում է նա։
Սա խոստովանություն է ոլորտի մասին, որտեղ հաճախ հարմարվողն առաջ է անցնում սկզբունքայինից։ Բայց Գևորգ Մարտիրոսյանն ընտրել է իր ճանապարհը՝ եթե նույնիսկ այն ավելի երկար ու դժվար է։
Երգի պետական թատրոնից հեռանալու որոշումը
«Ես աշխատում էի ակումբներում, որովհետև պետք է ընտանիքս պահեի։ Այդ ժամանակ արդեն երեխա ունեի։ Լուսահոգի Արթուր Գրիգորիչի հետ ոչ մի խնդիր չի եղել։ Ինքս եմ որոշել գնալ»,- ասում է նա։
Նա հիշում է իր խոսակցությունն Արթուր Գրիգորյանի հետ.
«Ինքը դեմ էր, որ մենք աշխատեինք ակումբներում։ Ասաց՝ եթե կարողանայի քեզ շատ աշխատավարձ տալ, չէի թողնի գնաս։ Բայց չեմ կարող։ Դու գնում ես, խնդիր չկա, քո որոշումն է, բայց իմացի՝ թատրոնում միշտ տեղ ունես»։
Գևորգն ասում է՝ այդ խոսքերը մինչ օրս մեծ նշանակություն ունեն իր համար։
«Շատ ճիշտ, շատ մարդկային էր։ Ես շատ շնորհակալ եմ Արթուր Գրիգորիչից»,- ասում է նա։

Մոր կարիքը երբեք չի անցնում
Խոսելով ամենացավոտ թեմայի՝ մոր կորստի մասին, նրա ձայնը փոխվում է.
«Իր կարիքը միշտ կա։ Չի կարող չլինել»։
Մայրը նրա համար եղել է ոչ միայն ծնող, այլև արժեքների հիմք.
«Ինքը սիրում էր արդարություն։ Մաքուր, պարզ, շատ աստվածապաշտ կին էր։ Միշտ դա է սերմանել։ Էդ ամեն ինչը ես հիշում եմ՝ ոնց պիտի վերաբերվես մարդկանց»։

Գևորգ Մարտիրոսյանի համար բեմը կարող է լինել աղմկոտ, ակտիվ, լուսավոր։ Բայց ներսում նա շարունակում է կրել այն դաստիարակությունը, որը տվել է մայրը՝ արդար լինելու, մաքուր լինելու, մարդ մնալու։

Մանրամասները՝ տեսանյութում։



