Էստոնիան նախատեսում է խստացնել Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիներին բնակության թույլտվություն տրամադրելու կանոնները
Էստոնիան պատրաստ է վերանայել և անհրաժեշտության դեպքում խստացնել Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիներին ժամանակավոր բնակության թույլտվություն տրամադրելու ընթացակարգը։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Էստոնիայի ներքին գործերի նախարար Իգոր Տարոն։
Եվրախորհրդարանի անդամ Յանա Տոոմը Էստոնիայի Ներքին գործերի նախարարություն հարցում էր ուղարկել ՌԴ-ի և բելառուսի քաղաքացիներին ժամանակավոր բնակության թույլտվություն տրամադրելու ընթացակարգի վերաբերյալ: Նա հետաքրքրվել էր, թե ինչպես են «անորոշ անցյալ» ունեցող անձինք Էստոնիայում ժամանակավոր բնակության թույլտվություններ ստացել:
«Ձեր հարցման հիման վրա մենք կվերլուծենք Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիներին ժամանակավոր բնակության թույլտվություն տրամադրելու չափանիշներն ու պրակտիկան և անհրաժեշտության դեպքում կխստացնենք դրանք», – պատասխանել է Տարոն։
Նա պարզաբանել է, որ պետությունն իրավունք ունի որոշումներ կայացնել օտարերկրացու մուտքի, մնալու և արտաքսման վերաբերյալ, ուստի ժամանակավոր բնակության թույլտվության դիմումի քննարկման գործընթացը ավտոմատ կերպով չի նշանակում դրա տրամադրում։ Ավելին, Իգոր Տարոն առաջարկել է արգելել Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիներին, ովքեր չունեն երկարաժամկետ բնակության թույլտվություն, երկրում անշարժ գույք գնել։



