Հայաստանն ու Զիմբաբվեն քննարկել են փոխգործակցության շրջանակի և երկկողմ օրակարգի ընդլայնման հնարավորությունները
+Հայաստանի Հանրապետության և Զիմբաբվեի Հանրապետության միջև տեղի են ունեցել առաջին քաղաքական խորհրդակցությունները՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Զիմբաբվեի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության մշտական քարտուղար Ալբերտ Չիմբինդիի գլխավորությամբ:
Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը՝ նշելով, որ խորհրդակցություններին նախորդել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Զիմբաբվեի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության միջև քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրումը:
Խորհրդակցությունների ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ օրակարգի ընդլայնման, այդ թվում՝ գյուղատնտեսության, կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների, կարողությունների զարգացման և առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության խթանման հեռանկարներին:
Զրուցակիցներն ընդգծել են բազմակողմ հարթակների և միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների միջև փոխգործակցության շրջանակի ընդլայնման և առկա համագործակցության խորացման կարևորությունը:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է 2026 թվականի Երևանում կայանալիք Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի անցկացման հարցում Հայաստանի առաջնահերթությունները: Կարևորվել է Համաժողովի ընթացքում ներառական և բազմաշահառու մասնակցության ապահովումը կենսաբազմազանության և բնապահպանության հարցերի շուրջ արդյունավետ և թիրախային քննարկումների անցկացման համար: ԱԳ նախարարի տեղակալը շեշտել է նաև COP17-ի շրջանակներում նախատեսվող Առաջնորդների գագաթնաժողովի կարևորությունը:
ՀՀ ԱԳՆ-ից նշում են, որ զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի՝ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի, այդ թվում՝ Հարավային Կովկասում խաղաղության ինստիտուցիոնալացման գործընթացին և Անդրսահարյան Աֆրիկայում տեղի ունեցող վերջին զարգացումներին:



