Մարդու իրավունքների պաշտպանը Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի աշակերտների հետ քննարկել է ՄԻՊ-ի դերն ու գործունեության ուղղությունները

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հանդիպել է Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի աշակերտներին և ներկայացրել է իր գործունեության ուղղություններն ու  լիազորությունների շրջանակը:

Այս մասին հայտնում են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից՝ նշելով, որ Մանասյանը երեխաների հետ խոսել է նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերների և այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին։

Տնօրեն Նաիրա Թադևոսյանի և ՄԻՊ աշխատակազմի ուղեկցությամբ Անահիտ Մանասյանը շրջայց է կատարել դպրոցի տարածքում՝ տեղում ծանոթանալով ուսումնական հաստատության պայմաններին, այդ թվում՝ անձնակազմի աշխատանքային պայմաններին, և դպրոցական առօրյային։

Այնուհետև տեղի է ունեցել հանդիպում աշակերտների հետ, որի ժամանակ քննարկվել են մարդու իրավունքների միջազգային իրավունքի բնույթը, կառուցվածքը, կիրառման և պաշտպանության մեխանիզմները, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության դերն ու գործունեության ուղղությունները:

Ողջունելով մասնակիցներին՝ Անահիտ Մանասյանն ընդգծել է նման հանդիպումների կարևորությունը, շեշտել մարդու իրավունքների հիմքում ընկած գաղափարների` հանդուրժողականության, մարդու՝ որպես բարձրագույն արժեքի, նրա արժանապատվության երաշխավորման կարևորությունը։ Այս համատեքստում Պաշտպանը հատուկ ընդգծել է մարդու իրավունքների վերաբերյալ պատշաճ կրթության կարևորությունը։

«Առանց մարդու իրավունքների վերաբերյալ պատշաճ կրթության չի կարող լինել նաև մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ։ Ցանկացած բնագավառում գործունեության տեսանկյունից առաջնային եմ համարում պրոֆեսիոնալիզմն ու բարեվարքությունը»,- ասել է Անահիտ Մանասյանը։

Գերատեսչությունից նշում են, որ անդրադարձ է կատարվել նաև Մարդու իրավունքների պաշտպանին կից երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի գործունեությանը։

Հանդիպումը կրել է հարցուպատասխանի ձևաչափ: Անահիտ Մանասյանը երեխաների հետ, ի թիվս այլնի, քննարկել են իրավահավասարության, խտրականություն դեմ պայքարին, մարդու իրավունքների կրթությանը, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին, ընտանեկան բռնության դեմ պայքարին, խոսքի ազատությանը վերաբերելի և այլ հարցեր:

Ամփոփելով խոսքը՝ Անահիտ Մանասյանը կարևորել է յուրաքանչյուրիս ջանքերի համատեղումը սեփական միջավայրում որևէ դրական փոփոխության իրականացնելու, մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում առկա խնդիրները հաղթահարելու նպատակով:

Տեսանյութեր

Լրահոս