Բաժիններ՝

ԱՄՆ-ն Լոնդոնին չի զգուշացրել Էպշտեյնի ֆայլերում արքայազն Էնդրյուի հիշատակումների մասին․ Times

ԱՄՆ-ն նախապես չի զգուշացրել Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքին սկանդալային հայտնի ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի գործով վերջերս հրապարակված փաստաթղթերի փաթեթում նախկին արքայազն Էնդրյուի վերաբերյալ նյութերի առկայության մասին։ Այս մասին հայտնում է Times թերթը՝ հղում անելով Բուքինգհեմյան պալատի աղբյուրներին։

Պարբերականը նշում է, որ չնայած Սպիտակ տան և Բուքինգհեմյան պալատի միջև հաստատված սերտ շփմանը՝ օվկիանոսից այն կողմ ոչ ոք չի տեղեկացրել ԱՄՆ արդարադատության նախարարության հրապարակումների բովանդակության մասին։

Ըստ թերթի՝ Չարլզ III թագավորի եղբայրը ստել է «Էպշտեյնի հետ իր ընկերության» տևողության մասին, ընդ որում՝ ոչ միայն հանրությանը, այլև իր ընտանիքին, որը նրա հանդեպ տածած սիրո պատճառով ընդունում էր իրադարձությունների նրա ներկայացրած տարբերակը։

Փետրվարի 19-ին Daily Mail-ը հայտնել է, որ բրիտանական ոստիկանությունը ձերբակալել է Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի եղբորը՝ Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորին՝ ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի հետ նրա կապերի շուրջ բռնկված սկանդալի ֆոնին։ Մանրամասնվում է, որ նախկին արքայազնին բերման են ենթարկել իր ծննդյան օրը՝ պետական ծառայության մեջ ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու կասկածանքով։

Փետրվարի 15-ին ԱՄՆ արդարադատության նախարարությունն ավարտել է սկանդալային հայտնի ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի գործով ֆայլերի հրապարակումը։ Գլխավոր դատախազը նշել է 300 հայտնի մարդկանց և քաղաքական գործիչների անուններ, որոնք հանդիպում են հետաքննության փաստաթղթերում։ Գերատեսչությունում ընդգծել են, որ ցուցակում հայտնվելը չի նշանակում մեղադրանքի առաջադրում կամ հակաիրավական գործողությունների հաստատում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս