Բացահայտվել է, թե ինչ է առաջարկել Իրանը ԱՄՆ-ին՝ պատժամիջոցները մեղմելու համար
ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցությունների ընթացքում Իրանը առաջարկել է գնել ամերիկյան ինքնաթիռներ և ուսումնասիրել նավթի ու գազի նախագծերում համատեղ ներդրումների հնարավորությունը: Այս մասին ուրբաթ օրը հաղորդել է CBS հեռուստաալիքը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։
Քննարկումներին ծանոթ աղբյուրը CBS-ին ասել է, որ պատժամիջոցների մեղմացմանը ձգտելով՝ Թեհրանը ցույց է տվել տնտեսական համագործակցության մեջ մտնելու, այդ թվում՝ ամերիկյան ինքնաթիռներ գնելու և համատեղ նախագծերի համար նավթի ու գազի հանքավայրեր մուտք գործելու իր պատրաստակամությունը:
Միևնույն ժամանակ, Մերձավոր Արևելքի երկու ներկայանալ չցանկացած պաշտոնյաներ հեռուստաալիքին հայտնել են, որ ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆին խորհուրդ է տրվել միջուկային ծրագրի քննարկումները առանձնացնել այլ թեմաներից, այդ թվում՝ Իրանի հրթիռային մշակումից և տարածաշրջանում զինյալներին ցուցաբերվող աջակցությունից: Նրանց խոսքով՝ Ուիթքոֆը կողմ է եղել զուգահեռ դիվանագիտական ուղիների գաղափարին:



