Ուիթքոֆը հայտնել է ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցություններում «նշանակալի առաջընթացի» մասին
Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնել են շարունակել աշխատանքը հակամարտության ավարտի համաձայնագրի շուրջ և Շվեյցարիայում տեղի ունեցած բանակցություններում նշանակալի առաջընթաց են գրանցել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը Ժնևում անցկացված երրորդ եռակողմ բանակցություններից հետո։
«Նախագահ Թրամփի հաջողությունն այս պատերազմի երկու կողմերին սեղանի շուրջ նստեցնելու գործում հանգեցրել է նշանակալի առաջընթացի, և մենք հպարտ ենք աշխատել նրա ղեկավարության ներքո՝ դադարեցնելու սպանություններն այս սարսափելի հակամարտության ընթացքում։ Երկու կողմերն էլ համաձայնել են տեղեկացնել իրենց համապատասխան ղեկավարներին և շարունակել աշխատանքը համաձայնության հասնելու ուղղությամբ», – X-ում գրել է ԱՄՆ նախագահի բանագնացն՝ ամփոփելով փետրվարի 17-ին տեղի ունեցած քննարկումների արդյունքները։
Ուիթքոֆը նաև շնորհակալություն է հայտնել Շվեյցարիային՝ Ժնևում բանակցությունները հյուրընկալելու համար։
Եռակողմ բանակցությունները կշարունակվեն նաև այսօր՝ փետրվարի 18-ին։
Ռուսական պատվիրակությունը գլխավորում է նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, ամերիկյան պատվիրակությունը՝ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Դոնալդ Թրամփի խորհրդական և փեսա Ջարեդ Քուշները, իսկ ուկրաինական պատվիրակությունը՝ նախագահ Վոլոդիմիր Զելենսկու աշխատակազմի ղեկավար Կիրիլ Բուդանովը։
Ժնևում հանդիպումները Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների շարունակությունն են, որոնց առաջին և երկրորդ փուլերը տեղի են ունեցել Աբու Դաբիում հունվարի 23-24-ին և փետրվարի 4-5-ին:



