TRIPP նախագծի հանդեպ Ադրբեջանի հանրության շրջանում տիրում է ընդհանուր առմամբ դրական վերաբերմունք․ Ֆարհադ Մամեդով
«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» – TRIPP) նախագծի իրագործման հանդեպ Ադրբեջանի հասարակության շրջանում տիրում է, ընդհանուր առմամբ, դրական վերաբերմունք․ ինչքան ավելի շատ տեղեկություններ լինեն նախագծի մասին, այնքան հասարակությունն ավելի շատ կըմբռնի և կզգա դրա առավելությունները։
«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության երրորդ համաժողովին նվիրված ասուլիսի ընթացքում նման տեսակետ արտահայտեց ադրբեջանական փորձագիտական խմբի համակարգող, Հարավային Կովկասի հետազոտական կենտրոնի տնօրեն Ֆարհադ Մամեդովը։
Անդրադառնալով TRIPP նախագծի նկատմամբ Ադրբեջանի հանրության շրջանում տիրող տրամադրություններին և վերաբերմունքին՝ Մամեդովը նշել է, որ այդ ծրագրի իրականացումը կարևոր է Բաքվի համար։
«Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ կապն Ադրբեջանի համար խիստ կարևոր է։ Այս իմաստով, Ադրբեջանի կառավարությունը ծավալուն ենթակառուցվածքային աշխատանքներ է իրականացրել։ Այս տարվա կեսին կավարտվի երկաթուղու շինարարությունը մինչև Հայաստանի սահմանը, և կարևոր է, որ այն շարունակվի Հայաստանի Հանրապետության տարածքով»,- ըստ «Արմենպրեսի»՝ ասել է ադրբեջանցի փորձագետը։
Նրա բնորոշմամբ՝ TRIPP նախագծի իրագործման շնորհիվ մի քանի խնդիրներ են լուծվում․ «Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ կապի ապահովումը Ադրբեջանի տարածքից, մյուսն, իհարկե, միջազգային բեռնափոխադրումներն են, որոնք տնտեսական բարգավաճման և աշխատատեղերի ստեղծման, ինչպես նաև ընդհանուր անվտանգային համակարգի համար հիմք կստեղծեն»։



