Իտալիան մտադիր է ընդունել «Խաղաղության խորհրդին» դիտորդի կարգավիճակով միանալու հրավերը
Իտալիան Գազայի հատվածի կառավարման «Խաղաղության խորհրդին» դիտորդի կարգավիճակով միանալու հրավեր է ստացել և մտադիր է ընդունել այն։
Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում փետրվարի 14-ին կայացած գագաթնաժողովի ընթացքում հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին։
«Մեզ հրավիրել են որպես դիտորդ երկիր։ Մեր կարծիքով՝ սա լավ որոշում է սահմանադրությանը համապատասխանության առումով։ Կարծում եմ՝ դրական կարձագանքենք այս հրավերին։ Ի՞նչ մակարդակով։ Կտեսնենք, քանի որ հրավերը ստացվել է երեկ»,- նշել է Մելոնին։
Իտալիան նախկինում հրաժարվել էր միանալ «Խաղաղության խորհրդին»՝ երկրի սահմանադրությունում առկա հակացուցման պատճառով։ Իտալական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ առանցքային խոչընդոտ է դարձել սահմանադրության կետը, որն արտոնում է երկրի մասնակցությունը խաղաղության և անվտանգության հարցերով զբաղվող միջազգային կազմակերպություններում՝ միայն պետությունների հավասարազորության պայմանով, իսկ «Խաղաղության խորհուրդը» ենթադրում է Միացյալ Նահանգների գերիշխող դեր։



