ԱՄՆ զինված ուժերը նախապատրաստվում են Իրանի դեմ հավանական շաբաթներ տևող գործողությունների. Reuters
ԱՄՆ զինված ուժերը պատրաստվում են Իրանի դեմ շաբաթներ տևող երկարատև գործողությունների հնարավորությանը, եթե նախագահ Դոնալդ Թրամփը հրաման տա հարձակման, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով երկու ամերիկացի պաշտոնյաների:
Ամերիկացի և իրանցի դիվանագետներն անցյալ շաբաթ էին Օմանում վերսկսել անուղղակի բանակցությունները՝ տարածաշրջանում ԱՄՆ ռազմածովային ուժերի կուտակման և փոխադարձ սպառնալիքների ֆոնին:
Ուրբաթ օրը ԱՄՆ պաշտոնյաները հայտարարել են, որ Պենտագոնը Մերձավոր Արևելք է ուղարկում լրացուցիչ ավիակիր՝ ավելացնելով հազարավոր զինվորականներ, կործանիչներ, կառավարվող հրթիռային ականակիրներ և այլ հրազենային միջոցներ, որոնք կարող են հարձակումներ իրականացնել և պաշտպանվել դրանցից։
Հյուսիսային Կարոլինայի բազայում ԱՄՆ զորքերի հետ խոսելով՝ Թրամփը նշել է, որ «դժվար է եղել գործարք կնքել» Իրանի հետ։ «Երբեմն պետք է վախենալ։ Դա միակ բանն է, որը իսկապես կկարգավորի իրավիճակը», – ասել է նա։
ԱՄՆ-ի հնարավոր երկարատև ռազմական գործողության նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ Reuters-ի հարցին ի պատասխան Սպիտակ տան խոսնակ Աննա Քելլին ասել է. «Նախագահ Թրամփը բոլոր տարբերակներն ունի սեղանին Իրանի հարցում»։
«Նա լսում է տարբեր տեսակետներ ցանկացած հարցի վերաբերյալ, բայց վերջնական որոշումը կայացնում է՝ հիմնվելով մեր երկրի և ազգային անվտանգության համար լավագույնի վրա», – ասել է Քելլին։
Պենտագոնը չի մեկնաբանել այդ տեղեկությունը։



