Վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման համար անհրաժեշտ է կատարել որոշակի ձևականություններ․ Իլհամ Ալիև
Ես կարծում եմ, որ այո, քանի որ այս պատմական փաստաթղթի ստորագրումը Սպիտակ տանը՝ Միացյալ Նահանգների նախագահի ներկայությամբ, ով, ի դեպ, նաև որպես վկա համատեղ հռչակագիր է ստորագրել, նշանակում է, որ հակամարտությունն ավարտված է, և մենք մտել ենք խաղաղության շրջան, որը, հուսով եմ, հավերժ կլինի: Այս մասին France 24-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ պատասխանելով այն հարցին, որ արդյոք շուտով լիակատար խաղաղություն և հարաբերությունների լիարժեք կարգավորում կլինի:
«Դրանից անցել է ավելի քան վեց ամիս, և Հայաստանի հետ սահմանին իրավիճակը շատ հանգիստ է։ Այլևս կրակոցներ չկան, զոհեր չկան, վիրավորներ չկան։ Ադրբեջանը միակողմանիորեն վերացրել է դեպի Հայաստան ապրանքների տարանցման սահմանափակումները։ Մենք նաև սկսել ենք Հայաստանի համար կրիտիկական նշանակություն ունեցող նավթամթերքի մատակարարումը, ինչը փաստացի ազդարարում է մեր առևտրային հարաբերությունների սկիզբը։
Այսինքն՝ մենք տեսնում ենք, որ խաղաղությունն արդեն ձեռք է բերվել։ Վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման համար անհրաժեշտ է կատարել որոշակի ձևականություններ։ Բայց հռչակագրի հետ մեկտեղ, որի մասին Դուք նշեցիք, երկու երկրների արտգործնախարարները նաև Վաշինգտոնում նախաստորագրել են խաղաղության համաձայնագրի տեքստը։ Այնպես որ, իմ կարծիքով, գործն արված է։ Կարծում եմ՝ նույն կարծիքին է նաև Հայաստանի վարչապետը։ Մենք միայն սովորում ենք ապրել խաղաղության մեջ, և դա շատ լավ զգացողություն է»,-ասել է Ալիևը։



