Թուրքիայի քաղաքացիներից մեկի տնից 25 տոննա աղբ են հանել
Ներկայիս Թուրքիայի հարավարևելյան Էրզրում նահանգի Յակուտիե շրջանի բնակիչներից մեկի տնից 25 տոննա աղբ է հայտնաբերվել։ Պարզվել է, որ այդ տան բնակիչ Մ. Ա-ն ունի հոգեկան խնդիրներ ու 10 տարի շարունակ իր կենցաղային աղբը չի թափել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Շենքի բնակիչները բողոք են ներկայացրել տարածվող գարշահոտի պատճառով։ Դեպքի վայր են մեկնել փրկարար ուժեր, որոնք չեն կառողացել դուռը բացել հավաքված աղբակույտի պատճառով ու բնակչին դուրս են հանել պատուհանից։ Մ.Ա-ն տեղափոխվել է Էրզրումի հիվանդանոցի հոգեբուժական բաժանմունք։
Հարևանները հայտնել են, որ նա միայնակ է ապրում և երկար տարիներ է, ինչ տանից ընդհանրապես դուրս չի գալիս։ Միայն պատուհանից են տեսել նրան։ Նշվել է նաև, որ աղբահանման աշխատանքները տևել են 3 օր և բնակարանն այժմ ախտահանված է։




