Քաղաքական պատասխանատուն ես եմ. չի կառուցվել գեթ 1կմ ճանապարհ, որի վրա աղ լցնելուց հետո այն քանդվի․ Դավիթ Խուդաթյան
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում այսօր մեկնարկել է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում ընտրական ցուցակի ձեւավորման առաջին փուլի փակ, գաղտնի, վարկանիշային քվեարկությունը։ Քվեաթերթիկում ընդգրկված է 274 թեկնածու։
Առաջին 50 տեղը զբաղեցրած թեկնածուների մասնակցությամբ տեղի կունենա նաեւ երկրորդ փուլ։ Առաջին փուլի քվեարկությունը կտեւի երեք օր, երկրորդ փուլի քվեարկությունը՝ երկու օր։
«Կարծում եմ՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ցուցակում բոլորն էլ արժանավոր մարդիկ են, այս ընթացքում այս կամ այն կերպ ծառայություն են մատուցել եւ ՀՀ-ին, եւ ակտիվ ներգրավված են եղել կուսակցական աշխատանքներում»,- լրագրողներին ասել է ՔՊ անդամ, ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։
Անդրադառնալով ճանապարհների որակի մասին դժգոհություններին, որ աղ ու ավազ շաղ տալուց հետո մեծ փոսեր են գոյացել ճանապարհներին՝ ՏԿԵ նախարարը նշեց․ «Ճանապարհային դեպարտամենտը, որի պատասխանատուն նաեւ մեր նախարարոթյունն է, եւ քաղաքական պատասխանատուն առաջին հերթին ես եմ, չի կառուցել գեթ մեկ կմ այնպիսի ճանապարհ, որի վրա աղ լցնելուց հետո ճանապարհը քանդվի։ Ես վստահ չեմ, որ Երեւանում նոր կառուցված աշխատանք է քանդվել եւ աղի պատճառով»։



