Ինչ է պատրաստվում անել Նիկոլ Փաշինյանը
Հակոբ Բադալյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Նիկոլ Փաշինյանն այսօր փաստորեն ազդարարել է Հայաստանում երկաթուղու հավատարմագրային կառավարչին փոխելու օրակարգ: «Ռուսաստանը հայտարարել է, որ խոչընդոտ չի հարուցի մեր տարածաշրջանային նախագծերի վերաբերյալ եւ սրա մասին ես խոսել եմ ՌԴ նախագահի հետ, նա աջակից է այս բոլոր ծրագրերին։ Խնդիրն այն է, որ մի շարք երկրներում ավելի ծանրակշիռ է դառնում այն կարծիքը, որ Նախիջեւանից հետո պետք չի Հայաստանով շարունակել, քանի որ երկաթուղին գտնվում է Ռուսաստանի կառավարման ներքո։ Կողմնակիցներն ասում են, որ Հայաստանը պետք է շրջանցենք ու հիմա մենք փաստորեն դիրքերի կորուստ ենք ունենում։ Ռուսաստանի դեմ ոչինչ չունենք, բայց լավ կլինի, որ երկաթուղու կառավարումը գնի մեր ու ՌԴ-ի հետ բարեկամ որևէ երկիր, սա տարբերակ է, որը պետք է քննարկել», հայտարարում է Նիկոլ Փաշինյանը:
Սա առնվազն տարօրինակ հայտարարություն է, հաշվի առնելով այն, որ Հայաստանի երկաթուղին չի գտնվում ՌԴ ձեռքում, այն գտնվում է Հայաստանի ձեռքում, այն Հայաստանի սեփականությունն է, իսկ ՌԴ-ն ընդամենը հավատարմագրային կառավարիչն է: Եթե հավատարմագրային կառավարիչը երկաթուղու աշխատանքի առնչությամբ առաջացնի արհեստական խոչընդոտ, ապա Հայաստանը լիովին իրավունք կունենա վերանայել կառավարումը:
Հետեւաբար, Հայաստանի համար՝ ինքնիշխան Հայաստանի համար բա՞րդ է այդ պարզ բանը բացատրել «ծանրակշիռ կարծիք» ունեցողներին: Իսկ ովքե՞ր են դրանք ընդհանրապես: Եվրոպացինե՞րը, Թուրքիա՞ն, թե՞ ամերիկացիները:
Բոլոր դեպքերում, «ինքնիշխանության ասպետները» փաստացի ենթարկվում են «ծանրակշիռ ինչ որ կարծիքի», այն դեպքում, երբ կա իրավիճակի վերը նշածս շատ պարզ բացատրությունը՝ երկաթուղին Հայաստանինն է, Ռուսաստանինը չէ, Ռուսաստանն ընդամենը կառավարիչ է:
Թե՞ Նիկոլ Փաշինյանը այդպիսի հայտարարություն է անում, պատրաստվելով համենայն դեպս Ռուսաստանի «գրպանը գցել» այս անգամ էլ այն, թե ինչու՞ երկաթուղին Երասխից չի շարունակվում դեպի Հայաստան, այլ մտնում է Թուրքիա:
Առավել եւս, որ այստեղ կա պարզ մի բան: Թուրքերը շատ վաղուց կառուցում են Իգդիր-Նախիջեւան երկաթուղի, որը բարձրանում է նաեւ Կարս: Պարզ է չէ, որ Թուրքիան այդքան ծախս չի սկսել անել, որ հետո բեռները Երասխով մտնեն Հայաստան, հասնեն Գյումրի ու նոր միայն մտնեն կարս: Կրկնեմ, թուրքերն այդ երկաթուղու ծրագիրը սկսել են վաղուց, շատ տարիներ առաջ: Հետեւաբար, նրանք չէին համաձայնի, որ երթուղին Թրամփի ուղուց հետո մտնելով Ադրբեջան, շարունակվեր դեպի Հայաստան, ոչ թե մտներ Իգդիր:
Ըստ ամենայնի, Նիկոլ Փաշինյանը ժամանակի ընթացքում կսկսի ասել, թե ռուսները չեն համաձայնում հրաժարվել կոնցեսիայից, դրա համար էլ գնացքները Նախիջեւանից մտնում են Իգդիր: Եթե իհարկե բանն ըննդհանրապես հասնի այդ կետին»:



