Դոնալդ Թրամփը չեղյալ է հայտարարել Բարաք Օբամայի ընդունած գիտական կարևոր որոշումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղյալ է հայտարարել նախկին նախագահ Բարաք Օբամայի նախագահության շրջանում ընդունված գիտական կարևոր որոշումը, որը հիմք է հանդիսանում մոլորակի տաքացմանը նպաստող գազերի քանակի զսպմանն ուղղված գործողությունների համար։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Համաձայն 2009 թվականի, այսպես կոչված, «վտանգավորության մասին եզրակացության»՝ մի շարք ջերմոցային գազեր սպառնալիք են ներկայացնում հանրային առողջության համար։ Այս որոշումն իրավական հիմք է դարձել արտանետումները զսպելու դաշնային ջանքերի համար, հատկապես՝ տրանսպորտային միջոցներից։
Սպիտակ տունն այս որոշումն անվանել է «ամերիկյան պատմության մեջ կանոնակարգերի վերացման ամենախոշոր գործողությունը»՝ նշելով, որ այն չեղարկելը մեքենաները կդարձնի ավելի էժան, կնվազեցնի ավտոարտադրողների ծախսերը մեկ մեքենայի համար 2400 դոլարով։
Փետրվարի 12-ին Օվալաձև աշխատասենյակում ելույթ ունենալով՝ Թրամփը նշել է, որ 2009 թվականի որոշումը «Օբամայի դարաշրջանի աղետալի քաղաքականություն էր, որը լուրջ վնաս է հասցրել ամերիկյան ավտոարդյունաբերությանը և զգալիորեն բարձրացրել գները ամերիկացի սպառողների համար»։
«Այս արմատական կանոնը դարձավ «Կանաչ նոր խաբեության»՝ պատմության մեջ ամենամեծ խաբեություններից մեկի իրավական հիմքը», – ավելացրել է նա։
Բնապահպանական խմբերը նշում են, որ այս քայլը կլիմայի փոփոխության դեմ պայքարի մինչ այժմ ամենանշանակալի չեղարկումն է։ Նրանք պատրաստվում են այն բողոքարկել դատարաններում։
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման, որը հազվադեպ է մեկնաբանում գործող նախագահների քաղաքականությունը, հայտնել է, որ որոշման չեղարկումը ամերիկացիներին ավելի խոցելի կդարձնի։
«Առանց դրա մենք կլինենք ավելի պակաս անվտանգ, ավելի քիչ առողջ և ավելի քիչ ունակ՝ պայքարելու կլիմայի փոփոխության դեմ», – գրել է նա X-ում։
Շրջակա միջավայրի պաշտպանության գործակալությունը (EPA) ջերմոցային գազերի ազդեցության վերաբերյալ առաջին անգամ դիրքորոշում հայտնել է 2009 թվականին՝ Օբամայի առաջին ժամկետի առաջին տարում։ Գործակալությունը որոշել է, որ մոլորակի տաքացմանը նպաստող վեց հիմնական ջերմոցային գազերը, այդ թվում՝ ածխաթթու գազը և մեթանը, վտանգ են ներկայացնում մարդու առողջության համար։
Քանի որ Կոնգրեսը չի կարողացել համաձայնության գալ գլոբալ ջերմաստիճանի բարձրացման դեմ պայքարի օրենսդրության շուրջ, գործակալության եզրակացությունը կենտրոնական դեր է կատարել հաջորդող տարիներին արտանետումները զսպելու դաշնային ջանքերում։



