Բաժիններ՝

Վինձորի քաղաքապետը «խելագարություն» է անվանել Կանադայի և ԱՄՆ-ի միջև կամրջի նկատմամբ Թրամփի հավակնությունները

Կանադայի Օնտարիոյի նահանգի Վինձոր քաղաքի քաղաքապետ Դրյու Դիլքենսը Կանադայի և ԱՄՆ-ի միջև կամրջի նկատմամբ սեփականության իրավունքի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունն անվանել է «խելագարություն»։ Այս մասին նա ասել է CBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Դա պարզապես խելագարություն է։ Երբ ես կարդացի այդ գրառումը, չէի կարողանում հավատալ դրան», – ասել է քաղաքապետը։

Դիլքենսը նշել է, որ Կանադան է ամբողջությամբ ֆինանսավորում կամրջի կառուցումը, մինչդեռ ԱՄՆ-ն «չի ցանկացել վճարել»։ Պաշտոնյան շեշտել է, որ մի կողմից Թրամփը քննադատում է, որ Կանադան ամերիկյան ապրանքներ ձեռք չի բերում, մյուս կողմից էլ ասում է, որ չի ցանկանում բացել այն օբյեկտը, որը կնպաստի երկու երկրների միջև առևտրին։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը Truth Social սոցիալական ցանցում գրել էր, որ թույլ չի տա Միչիգանի նահանգի Դետրոյթ քաղաքի և Վինձորի միջև կամրջի բացումը, մինչև Կանադան Վաշինգտոնին չտրամադրի սեփականության իրավունքի կեսը։ Նա նաև կրկին քննադատել է Կանադայի կառավարության ծրագրերը Չինաստանի հետ առևտրային համաձայնություն կնքելու վերաբերյալ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս