Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները կշարունակվեն, եթե ԱՄՆ-ն լրջություն ցուցաբերի. Արաղչի
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցությունները կշարունակվեն, եթե Թեհրանը գա եզրահանգման, որ Վաշինգտոնը լրջությամբ է մոտենում Իրանի միջուկային խնդրի բանակցային լուծմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Արաղչին ասել է փետրվարի 8-ին Թեհրանում կայացած մամուլի ասուլիսում:
Նա ևս մեկ անգամ շեշտել է, որ Իրանը երբեք չի հրաժարվի խաղաղ միջուկային էներգիա զարգացնելու, այդ թվում՝ ուրանը հարստացնելու իր իրավունքից: Նրա խոսքով՝ բանակցությունների հաջողությունը կախված է նրանից՝ արդյոք մյուս կողմն այս հարցին «անհրաժեշտ լրջությամբ» կվերաբերվի:
«Կարծում եմ՝ բանակցությունների առաջին փուլն ավելի շատ նման էր վստահության և բանակցությունների միջոցով համաձայնության հասնելու լրջության ստուգման։ Կան նշաններ, որոնք վկայում են, որ ԱՄՆ-ն որոշակի լրջություն ունի, բայց կան նաև որոշ նշաններ, որ այդ լրջությունը թուլանում է, ինչպիսիք են որոշակի պատժամիջոցների շարունակությունը և ռազմական որոշ ակտիվությունը: Այս ամենը կասկածներ է առաջացնում այն մասին, թե արդյոք մյուս կողմը լուրջ է վերաբերվում և պատրաստ է արդյոք իրական բանակցությունների։ Մենք ուշադիր հետևում ենք և գնահատում այս բոլոր նշանները՝ որոշելու համար՝ արդյոք շարունակել բանակցությունները, թե ոչ», – Արաղչիի խոսքերն է մեջբերում Reuters գործակալությունը։
Նա հավելել է, որ ԱՄՆ-ի անիրատեսական և անխոհեմ պահանջներն իրական խոչընդոտ են ներկայացնում: Արաղչին ևս մեկ անգամ կրկնել է, որ Իրանը միջուկային զենք ստեղծելու որևէ մտադրություն չունի:
Մասկատում փետրվարի 6-ին տեղի են ունեցել Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցություններ՝ Օմանի միջնորդությամբ: Իրանր նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ այդ բանակցությունները քայլ էին դեպի առաջ:


