Բոլոր ժամանակների վատագույն շոուներից մեկը․ Թրամփը քննադատել է Սուպերբոուլի ընդմիջմանը շոուն
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ փետրվարի 8-ին Ամերիկյան ֆուտբոլի ազգային լիգայի եզրափակիչ խաղի՝ Սուպերբոուլի ընդմիջմանը շոուն, որի գլխավոր աստղը Գրեմմիի մրցանակակիր Բեդ Բաննին էր, պատմության մեջ վատագույններից մեկն է եղել։ Այս մասին Թրամփը գրառում է կատարել Truth Social-ի իր էջում։
«Սուպերբոուլի ընդմիջմանը շոուն պարզապես սարսափելի էր, բոլոր ժամանակների վատագույններից մեկը։ Այն անիմաստ է, վիրավորանք է Ամերիկայի մեծությանը և չի համապատասխանում հաջողության, ստեղծարարության ու գերազանցության մեր չափորոշիչներին։ Ոչ ոք չի հասկանում, թե ինչ է ասում այս տղան, իսկ պարը զզվելի է՝ հատկապես այն երեխաների համար, ովքեր ԱՄՆ-ի ողջ տարածքում ու ամբողջ աշխարհում դիտում են այն։ Այս «շոուն» պարզապես «ապտակ է» մեր երկրին, որն ամեն օր նոր ստանդարտներ ու ռեկորդներ է գրանցում»,- գրել է Թրամփը։ Նա հավելել է, որ շոուն որևէ դիտարժանություն չունի։
Պուերտոռիկացի ռեփեր Բեդ Բաննին փետրվարի 8-ին տեղի ունեցած Սուպերբոուլի ընդմիջմանը շոուի գլխավոր աստղն էր։ Նա կատարել է իր ամենամեծ հիթերը՝ ելույթի ընթացքում հանդես գալով միավորման ուղերձով։ «Աստված օրհնի Ամերիկան, լինի դա Չիլին, թե Արգենտինան», – հայտարարել էր Բեդ Բաննին՝ թվարկելով Հյուսիսային և Հարավային Ամերիկայի ավելի քան 20 երկրներ և ցուցադրելով դրանցից շատերի դրոշները: Ապա նա կանգնել էր ԱՄՆ-ի և ԱՄՆ տարածք հանդիսացող Պուերտո Ռիկոյի դրոշի կողքին:
Նա նաև ֆուտբոլային գնդակի վրա ցուցադրել էր գրություն, որում ասվում էր․ «Միասին մենք Ամերիկան ենք»:
Համերգին ներկա էին նաև Լեդի Գագան և Ռիկի Մարտինը:
Այս ելույթից մեկ շաբաթ առաջ Բեդ Բաննին հաղթող էր ճանաչվել «Գրեմմի» 68-րդ երաժշտական մրցանակաբաշխության ամենահեղինակավոր՝ «Տարվա ալբոմ» անվանակարգում։ Դա «Գրեմմի»-ի պատմության մեջ առաջին դեպքն էր, երբ ամբողջությամբ իսպաներենով կատարված ալբոմը արժանանում է գլխավոր մրցանակին։
Մրցանակը ստանալիս՝ նա նաև քաղաքական հայտարարությամբ էր հանդես եկել՝ դատապարտելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործողությունները ներգաղթյալների նկատմամբ։
«Մինչև Աստծուն շնորհակալություն հայտնելը, ես պատրաստվում եմ ասել՝ ICE չքվի՛ր»,- հայտարարել էր նա ելույթի սկզբում՝ այդպիսով իր դժգոհությունը հայտնելով ամերիկյան ներգաղթային ոստիկանության (ICE) գործողությունների առնչությամբ։ «Մենք վայրենիներ չենք, մենք կենդանիներ չենք, մենք այլմոլորակայիններ չենք։ Մենք մարդ ենք, և մենք ամերիկացիներ ենք», – ելույթում ասել էր Բեդ Բաննին։


