Բաժիններ՝

Օմանում ավարտվել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երկրորդ փուլը

Օմանի մայրաքաղաք Մասկատում ավարտվել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի և Օմանի արտաքին գործերի նախարար Բադր բին Համադ ալ-Բուսայիդիի միջև բանակցությունների երկրորդ փուլը։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։

Տեղեկություններ են հաղորդվում, որ ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն այժմ խորհրդակցություններ է անցկացնում Օմանի արտաքին գործերի նախարարի հետ։

Ավելի վաղ Օմանի Սուլթանության ԱԳ նախարարությունը հայտարարություն էր տարածել Մասկատում Թեհրանի և Վաշինգտոնի միջև միջուկային թեմայի շուրջ անուղղակի բանակցությունների առաջին փուլից հետո։

Հաղորդագրության համաձայն՝ Օմանի արտաքին գործերի նախարար Բադր բին Համադ ալ-Բուսայիդին առանձին հանդիպումներ է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի գլխավորած իրանական պատվիրակության և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և նախագահի խորհրդական ու փեսա Ջարեդ Քուշների հետ։

Հանդիպման ընթացքում Իրանի և Օմանի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր, այդ թվում՝ Իրան-ԱՄՆ միջուկային բանակցությունները։

Ալ-Բուսայիդին վերահաստատել է Օմանի հանձնառությունը՝ շարունակելու աջակցել երկխոսությանը։ Նա նաև հաստատել է Սուլթանության պատրաստակամությունը՝ համագործակցելու տարբեր գործընկերների հետ՝ փոխադարձ համաձայնեցված քաղաքական լուծումների հասնելու համար։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ փետրվարի 6-ին Օմանի միջնորդությամբ մեկնարկած բանակցությունների առանցքում են եղել Իրանի միջուկային խնդիրը և Իրանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացումը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս